Քաղաքական ուժի անունը, առաջնորդի անունը, վարչապետի թեկնածուի անունը կհրապարակենք քաղաքական ուժի ստեղծման օրը՝ հունվարին կայանալիք համաժողովում․ «Մեր ձեւով» շարժման համաժողովից հետո կայացած ասուլիսում հայտարարեց շարժման համակարգող խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա վստահեցրեց՝ ստեղծվելիք ուժը միանշանակ մասնակցելու է 2026 թվականի ընտրություններին։
Ուղիղ հարցին՝ արդյո՞ք Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Կարապետյան ազգանունով, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Մի քիչ էլ սպասեք։ Կարծում եմ, պատասխանը ձեզ կգոհացնի։ Հայաստանյան հանրության մեծամասնությունն արդեն դիրքավորվել է եւ այդ դիրքավորումը իշխանական չէ։ Արդյունքները կտեսնենք 2026-ի ընտրություններին»։
Ինչ վերաբերվում է ՔՊ-ականների այն վստահությանը, որ իրենք են լինելու ՀՀ հաջորդ իշխանությունը, Նարեկ Կարապետյանն ասում է․ «Եթե իրենք արդեն հաղթել են, կարծում եմ, անհանգստանալու բան եւ շարժման համահայաստանյան սփռմանը խանգարելու որեւէ բան չունեն»։
Կարդացեք նաև
Պատասխանելով շարժման օրակարգի մասին հարցին էլ Նարեկ կարապետյանն ասաց՝ համատարած աղքատության վերացումն է, նախ՝ մարդկանց կյանքի բարելավվումը, ապա ենթակառուցվածքների ստեղծումը։ Նրա դիտարկմամբ, մեր հանրապետությունում սինթետիկ թմրանյութերի շարժն է մեծացել 4-5 անգամ ու դա արդեն ինդուստրիայի է նմանվում։ Հաջորդ խնդիրը Նարեկ Կարապետյանը համարում է Երեւանում որակական փոփոխության բացակայությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Երբ մենք խոսում ենք գործակալներից, մենք ունենք մտավախություն, որ մեր երկրում գործակալներ կան»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ տարակուսելով, որ ՀՀ իշխանական համակարգում բարձր պաշտոն է զբաղեցնում մարդ, որը Թուրքիայում է ուսանել։ Ասաց՝ չի հասկանում՝ ի՞նչ հոգեվիճակ պետք է ունենա մարդը, որ գնա Թուրքիայում կրթություն ստանա։ Նաեւ հավելեց՝ ժամանակը եւ փաստաթղթերը ցույց կտան՝ Հայաստանում շատ բան Թուրքիայի հետ բանակցող Սերդար Քըլըչի հետ բանակցելո՞ւ արդյունքում է կատարվում, թե՞ նրա ուղիղ ցուցումով։
Նախկին իշխանությունների հետ կապի մասին էլ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Ի՞նչ եք կարծում, Հայաստանում ամենամեծ կապիտալ ունեցող ընտանիքը որեւէ մեկից կարո՞ղ է կախված լինել»։ Նա նաեւ ասաց․ «ՔՊ-ի առաջին համարը ՀԱԿ անդամ էր, երկրորդ համարը՝ ՀՀԿ-ի, երրորդը՝ ԲՀԿ-ի համակիր էր։ Օրինակ, ՔՊ-ի երկրորդ համարն ունի՞ ՀՀԿ-ից ազդեցություն։ Նժդեհականությունն իր վրա ազդո՞ւմ է, երբ Ադրբեջանից ցորեն է բերում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































