Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր կողքին որևէ մեկն իրավունք չունի տրնտջալ հոգնածությունից». Ժաննա Անդրեասյանը` Հովհաննես Չեքիջյանին

Դեկտեմբեր 23,2025 22:22

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակին:

Համերգային ծրագրում հնչել է Բեռլիոզի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Ռեքվիեմը»՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Օպերայի և բալետի ազգային թատրոնի կենդանի կատարմամբ։

Համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է անվանի արվեստագետին՝ նշելով, որ մաեստրոն հերթական անգամ հավաքել է բոլորին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ նշելու մշակութային սպասված իրադարձության վերածված ծննդյան օրը:

«Սիրելի մաեստրո, Ձեր ներկայությունը մեր կյանքում շատ կարևոր և ուսանելի է․ այն սովորեցնում է սիրել և գնահատել կյանքը։ Ձեզնից սովորում ենք կենսասիրություն, համբերություն և աշխատասիրություն։ Ձեր կողքին որևէ մեկն իրավունք չունի տրնտջալ հոգնածությունից։

Արդեն մի քանի տարի շարունակ Ձեր ծննդյան օրը մեզ նվիրում եք բարձր արվեստը վայելելու հնարավորություն և Ձեր օրինակով ցույց եք տալիս, որ  ցանկության դեպքում կարելի է անել ավելին։ Այս օրը նաև Ձեր արվեստի և գործի հանդեպ մեր երախտիքը հայտնելու օր է։ Ձեր ժամանակակիցը լինելը մեծ պատիվ է. շնորհակալ ենք, որ շարունակում եք ստեղծագործել»,- դիմելով մաեստրոյին՝ ասել է նախարարը՝ մաղթելով նրան առողջություն, հավատարիմ հանդիսատես ու նորանոր ստեղծագործական ներշնչումներ:

Համերգն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նշենք՝ ավելի քան վեց տասնամյակ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ, աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնում է հայ երգն ու երաժշտությունը:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031