Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր հակականոնական, անօրեն և արկածախնդիր վարքով մոլորեցնում եք հավատացյալ ժողովրդին՝ ծառայելով այն ուժերին, որոնք մշտապես ձգտել են ներսից քանդել Հայ Եկեղեցին. Մկրտիչ եպիսկոպոս

Դեկտեմբեր 24,2025 14:06

ՄԿՐՏԻՉ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՌՈՇՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ

Խստագույնս և աներկբա դատապարտում եմ դեկտեմբերի 18-ին իշխանական հովանավորչությամբ և ութը եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված ամոթալի ու սրբապիղծ արշավը Հայ Եկեղեցու Սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։

Կատարվածը պարզապես անհամաձայնություն կամ ներեկեղեցական տարաձայնություն չէ․ դա գիտակցված հարված էր մեր դարավոր հոգևոր ինքնության բաբախող սրտին, փորձ՝ խարխլելու այն հիմքը, որի վրա դարերով կանգուն է մնացել հայ ժողովուրդը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միայն քարե կառույց, հոգևոր և վարչական կենտրոն չէ․ այն մեր հավատի կենդանի վեմն է, մեր հոգևոր ինքնության առանցքը, այն սրբավայրը, որի շուրջ համախմբված հայ ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել է բռնությանը, օտար լծին ու հավատաքանդ փորձություններին։ Այդ սրբության դեմ ձեռք բարձրացնելը ոչ թե քաջություն է, այլ հոգևոր ինքնասպանություն։

Այս տիրադավ ու տիրադրուժ խմբակի գործողությունների ճշգրիտ բնութագրումն է Երեմիա մարգարեի դատապարտող հետևյալ խոսքը. «Վա՜յ նրան, ով կառուցում է իր տունը, բայց ոչ արդարությամբ, և իր վերնահարկերը, բայց անիրավությամբ» (Երեմիա ԻԲ․ 13)։
Անիրավության վրա հիմնված ցանկացած քայլ դատապարտված է փլուզման, իսկ այդ ճանապարհն ընտրածները՝ պատմական խայտառակության։ Այս մարդիկ մոռացել կամ միտումնավոր ոտնահարել են այն իրողությունը, որ իրենք ոչ թե փողոցային ակտիվիստներ են և ոչ էլ իշխանական կամակատարներ, այլ Աստծու Սուրբ Խորանի առաջ հավատարմության երդում տված հոգևորականներ, որոնց կոչումն է պահպանել Եկեղեցու միասնությունը, այլ ոչ թե պառակտել այն։

Եսայի մարգարեի խոսքն այսօր նրանց համար հնչում է որպես դատավճիռ. «Վա՜յ նրանց, ովքեր չարը բարի կանվանեն և բարին՝ չար, ովքեր լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս» (Եսայի Ե․20)։ Դեկտեմբերի 18-ին դուք հենց այդ ճանապարհն ընտրեցիք՝ խավարն անվանելով լույս, ապստամբությունը՝ բարեպաշտություն, իսկ հավատարմությունը՝ հանցանք։ Ձեր խոտոր, հակականոնական, անօրեն և արկածախնդիր վարքով դուք մոլորեցնում եք հավատացյալ ժողովրդին՝ գիտակցաբար ծառայելով այն ուժերին, որոնք մշտապես ձգտել են ներսից քանդել Հայ Եկեղեցին։
Երախտագիտությամբ ու զորակցությամբ ջերմորեն ողջունում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը՝ հավատարմություն պահած եպիսկոպոսներին ու վարդապետներին, քահանայից դասին, սարկավագներին և մեր հավատացյալ ժողովրդին, որոնք այս փորձության օրերին չլքեցին Մայր Եկեղեցին։ Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ և ազգընտիր Հայրապետին։ Պատմությունը կարձանագրի, թե ով կանգնեց սրբության կողքին, և ով՝ սրբության դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031