Միքայել արք․ Աջապահյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ, ինչպես նաև իր տարբեր հայտարարություններում Վեհափառ Հայրապետի, որպես Աստծու սպասավորի, դեմ դուրս եկածներին անվանեց «տիրադավ»։ Այսօր հասարակությունը «տիրադավ» բառն առավելապես գործածում է՝ բնորոշելու Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող հայտնի եպիսկոպոսներին և նրանց գաղափարական գործակիցներին։ Վերջիններս կարծես թե ամենաշատը խոցվել են հենց այս բառով իրենց բնորոշելուց և իշխանական տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում առանձին անդրադարձել են այդ բառի կիրառությանը՝ փորձելով «հիմնավորել», թե այն չի վերաբերում իրենց և իրենց գործերին, որ իբրև թե նշյալ բառը վերաբերում է միայն Աստծուն դավաճանողներին, իսկ իրենք Աստծուն չեն դավաճանել։
Այն բաղկացած է երկու հստակ բաղադրիչներից՝
Կարդացեք նաև
«Տիրադավ» բառի վաղագույն գործածությունները հանդիպում են այն միջավայրում, որտեղ տերը կարող է լինել թագավոր, իշխան, պետական կամ ռազմական առաջնորդ, ինչպես նաև՝ եպիսկոպոսապետ՝ կաթողիկոս կամ պատրիարք։
Ս․ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ում գործածված «տիրադավ» արտահայտությունը հենց այս իմաստով է ընկալվել դեռևս միջնադարյան մեկնիչների կողմից։ Հայ եկեղեցական մեկնողական ավանդույթն այն բացատրել է որպես դավաճանություն օրինական աշխարիկ և հոգևոր տիրոջը, ոչ թե Աստծուն։ Այսպես՝ Նարեկացին իր «Մատյան ողբերգության» աղոթագրքի 56-րդ գլխի երկորդ մասում գրում է՝ «Իշխան տիրադաւ»։ Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Հակոբ Նալյանը «Նարեկ»-ի իր մեկնության մեջ այդ հատվածը այսպես է մեկնաբանում․ «Այսինքն՝ իշխան տիրանենգ․ այսպիսիք էին իշխանքն Հայոց, որ զսուրբն Տրդատիոս մահադեղօք սպանին․ եւ զԱրտեւան արքայն՝ պարսից թագաւորին մատնեցին ի ժամանակս մեծին սրբոյն Իսահակայ» (տե՛ս Յակոբ Նալեան, Գիրք մեկնութեան աղօթից Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ, հտ․ Ա-Բ, Կ. Պոլիս, 1745, էջ 421): Այս մեկնությունից հստակ է, որ Նարեկացին «տիրադավ» բառն օգտագործել է ոչ միայն Աստծուն դավաճանելը նկարագրելու, այլ Հայոց թագավորին և Հայոց կաթողիկոսին դավաճանելու դեպքերը նկարագրելու համար։ Նշենք, որ նույն իմաստով Նարեկացին գործածում է նաև «տիրադրուժ» և «երախտամոռ» բառերը։
Աստծուն դավաճանելու իմաստը «տիրադավ» բառի մեջ ձևավորվել է հետագայում՝ երկրորդական՝ փոխաբերական ընդլայնման ճանապարհով։ Քանի որ Աստված ընկալվում է որպես գերագույն Տեր, ժամանակի ընթացքում եզրույթը կիրառվել է նաև հավատքն ուրացողների, դավանափոխների, կամ Աստծու պատվիրաններին բացահայտ հակառակ կանգնողների նկատմամբ։
Հետևաբար՝ Աստծուն, Սուրբ Էջմիածնին և ազգընտիր Վեհափառ Հայրապետին դավողներին ոչ միայն կարելի է բնորոշել որպես տիրադավ, այլև՝ տիրանենգ, տիրադրուժ, տիրամատնիչ, տիրավաճառ, դավաճան, երախտամոռ բառերով, որոնք լիովին և դիպուկ բնորոշում են բոլոր նրանց, ովքեր դրժել են իրենց հոգևոր ուխտը։ Ուստի՝ որքան էլ փորձեն ճամարտակել, բառի իմաստի նենգափոխմամբ իրենց «արդարացնել» կամ «մաքրվել» դավաճանության այլևս անջնջելի խարանից, միևնույն է «տիրադավ» բառը դարձել է նրանց նկարագիրը և անվան անքակտելի բաղկացուցիչը․․․
Հ. Գ. Օրինակ` Հայ Առաքելական Եկեղեցու ավանդության մեջ հոգևորականների անուններից առաջ գործածվում է «Տեր» բառը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պարագայում՝ «Տեր Տեր» ձևը, կրկնակի է շեշտում նրա՝ որպես եկեղեցականների և հավատացյալ ժողովրդի օրինական Տիրոջ, Առաջնորդի և Հովվի կարգավիճակը։ Հետևաբար Սուրբ Էջմիածնի և նրա Գահակալի հանդեպ տրված ուխտի և հավատարմության դրժումը պատմական, լեզվական, կանոնական և բարոյական բոլոր չափանիշներով հավասարազոր է Աստծուն դավաճանելուն և բնութագրվում է մեկ անվամբ՝ տիրադավություն։

















































