«Այն, ինչ կատարվեց 2018-ին, սա կարելի է բնութագրել որպես աղետ։ Եթե աղետի պատմությունը չփակենք, մենք կկորցնենք Հայաստանը»,- «Հայաստանը՝ արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ահազանգեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Քաղաքագետի փաստմամբ՝ Հայաստանը մինչև 2017 թվականը վարում էր հավասարակշռված արտաքին քաղաքականություն․ «Վարում էր ռազմավարական հարաբերություններ ՌԴ-ի հետ և փոխլրացնում այդ հարաբերություններն արևմտյան կենտրոնների և այլ երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի հետ։ Այդ քաղաքականության շնորհիվ ՀՀ-ն կարողացել է պահպանել իր անվտանգային համակարգը և տարածաշրջանում կայուն իրավիճակ, մենք ունեինք երկրորդ հանրապետություն՝ ի դեմս ԼՂՀ-ի։ Կարելի է ասել՝ անկախ նրանից՝ ինչքան էինք դժգոհ ներքին կյանքից, բայց արտաքին ոլորտում բոլոր երեք ղեկավարները նույն քաղաքականությունն են վարել, որը թույլ էր տվել, որ ՀՀ-ն կարողանա դիմակայել բոլոր սպառնալիքներին իր անվտանգության համար»։
Անդրադառնալով այն հայտարարությանը, որ ՀՀ-ն է ԵՄ-ից աջակցություն խնդրել, Երվանդ Բոզոյանը նկատեց․ «Ինչի՞ էր ՀՀ իշխանությունն իրենցից օգնություն խնդրել։ Հասկանում ենք, որ այսօր այդ 15 միլիոն եվրոն այսօրվա իշխանությունն ունի, 15 միլիարդ դոլար էլ ունեն, միայն մեկ օլիգարխի շրջանառությունն այսօր տարեկան կազմում է 10 միլիարդ դոլար, նախկին իշխանության ժամանակ դա կարող էր երազանք համարվել։ Իրենց համար կարևոր էր, որ ԵՄ-ի այսօրվա բյուրոկրատիան հայտարարի, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Կարևոր էր, որ հասարակության մեջ եվրոպական հովերով ապրող ինչ-որ մի հատված լսեր դա, փորձեր դրա արդյունքում որոշակի դրական ընկալում ունենալ Փաշինյանի նկատմամբ»։
Կարդացեք նաև
Ըստ Երվանդ Բոզոյանի՝ ԵՄ-ի համար ՀՀ-ն մանրադրամի դերում է․ եվրոպական կառույցներում չունեն խնդիր ՀՀ-ին ԵՄ անդամ դարձնել։
«Հայաստանը՝ արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով պանելային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































