Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կառուցել հարաբերություններ առանց ագրեսիայի․ ոչ բռնի հաղորդակցության առաջին հայալեզու ուղեցույցը

Դեկտեմբեր 24,2025 18:19

Հայաստանում ատելության խոսքն ու սոցիալական լարվածությունը հասել են վտանգավոր սահմանագծի, ուստի թե միջանձնային, թե համայնքների միջև ավելի կայուն և խաղաղ հարաբերություններ կառուցելու համատեքստում մեծապես կարևորվում են ոչ բռնի հաղորդակցության (ՈԲՀ) մոտեցումներն ու սկզբունքները։

Ոչ բռնի հաղորդակցությունը հարգալից և կարիքահեն հաղորդակցության համաշխարհային ճանաչում ստացած մեթոդաբանություն է, որը նպաստում է միջանձնային և խմբային հարաբերություններում վստահության, փոխըմբռնման և պատասխանատու խոսքի մշակույթի ամրապնդմանը։ ՈԲՀ-ի տարածումը կարևոր գործիք է և ներքին համերաշխության, և խաղաղարարության ու հանրային բանավեճի որակի բարձրացման համար։

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում ՈԲՀ մշակույթը տարածելու և ամրապնդելու գործում, և վերջերս էլ լույս է ընծայել ՈԲՀ առաջին հայալեզու գործնական ուղեցույցը՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ և International Alert կազմակերպության հետ գործընկերությամբ։

«Սոցիալական մեդիայում մենք շատ հաճախ «հաղթում ենք» մեկնաբանությունում, բայց պարտվում ենք հարաբերություններում։ Վերջին շրջանում ատելության խոսքն ու առցանց ագրեսիան վտանգավոր չափերի են հասել՝ նորմալացնելով պիտակավորումը, նվաստացումն ու բաժանարար գծերը։ Ատելության խոսքը բաժանում է մարդկանց, իսկ բաժանումը՝ դարձնում մեզ ավելի խոցելի՝ թե ներհասարակական համերաշխության, թե մեր երկրի կայունության տեսանկյունից։ Ոչ բռնի հաղորդակցությունն օգնում է փոխել խոսքի մշակույթը՝ վերադարձնելով երկխոսությունը լսելու, հասկանալու և պատասխանատվությամբ խոսելու դաշտ՝ առանց նվաստացնելու, սպառնալու և ցավ պատճառելու»,- նշում է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը։

Գրքույկի հեղինակն է ծրագրի շահառու և գործընկեր Գոհար Գրիգորյանը, որը գաղափարի մշակման ընթացքում ոգեշնչվել է Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացված ոչ բռնի հաղորդակցության կարողությունների զարգացման դասընթացներին իր մասնակցությունից, ինչպես նաև Մարշալ Ռոզենբերգի «Ոչ բռնի հաղորդակցություն․ կյանքի լեզու» գրքից։

Գրքույկի գործնական բովանդակությունը, օրինակներն ու վարժությունները վերանայվել և հստակեցվել են ոչ բռնի հաղորդակցության միջազգային հավաստագրված փորձագետ Սինտա Դեպոնդտի մենթորությամբ՝ ապահովելով մեթոդական ճշգրտությունն ու միջազգային չափանիշներին համահունչ մոտեցումները։

Գրքույկի նպատակն է ներկայացնել խաղաղ և կառուցողական հաղորդակցության գործիքներ ինչպես անձնական և միջանձնային հարաբերություններում, այնպես էլ հանրային, հասարակական և միջազգային հարաբերությունների համատեքստում։ Այն ներառում է մշակված օրինակներ, գործնական վարժություններ և խորհուրդներ՝ օգնելով հասկանալ, թե ինչպես խոսել զգայուն թեմաների շուրջ, ինչպես կանխել լարվածության սրացումը, ինչպես լսել առանց դատապարտման և արտահայտել սեփական կարիքներն ու մտահոգությունները՝ առանց վիրավորանքի և ագրեսիայի։

«ՈԲՀ մշակույթի տարածումը Հայաստանում մեծ կարևորություն ունի ինձ համար, քանի որ այն կիրառելի է սոցիալական մեծ լարվածություն ու ատելության խոսքի բարձր մակարդակ ունեցող երկրներում, ինչպիսին, ցավոք, Հայաստանն է։ ՈԲՀ-ն կօգնի մեր հասարակությանը ստեղծել առողջ երկխոսության միջավայր՝ զերծ մեղադրանքներից, ինքնամեղադրանքից ու վիրավորանքներից։ Եթե կա դեղատոմս, որ կկազդուրի մեր հասարակությանը, ապա դրա դեղամիջոցներից մեկը, ըստ իս, ոչ բռնի հաղորդակցությունն է։ Հույս ունեմ, որ այս գրքույկը կծառայի այդ նպատակին և մի կարևոր նպատակի ևս՝ խաղաղարարությանը՝ ստեղծելով փոխըմբռնման, երկխոսության հարթակ տարածաշրջանի երկրների համար։ ՈԲՀ-ն հիանալի գործիք է անհատական ու հանրային մակարդակում կոնֆլիկտները հաղթահարելու և խաղաղ ճանապարհով դրանք լուծելու համար»,- նշում է ուղեցույցի հեղինակ Գոհար Գրիգորյանը։

Ուղեցույցն արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել ակադեմիական միջավայրում։ Երևանի և Շիրակի պետական համալսարաններում կայացած շնորհանդեսների ժամանակ ուսանողները ոչ միայն ծանոթացել են գրքույկին, այլև Գոհար Գրիգորյանի հետ ինտերակտիվ վարժանքների միջոցով փորձարկել են կառուցողական երկխոսության հմտությունները՝ ներկայացնելով իրական իրավիճակներ և կիսվելով սեփական փորձով։ Ուսանողների հետ քննարկվել է նաև, թե ինչպես կարող է ՈԲՀ մոտեցումն օգտակար լինել խաղաղարարական նախաձեռնություններում և նպաստել հասարակությունների միջև լարվածության նվազեցմանը։

«Երևանի և Շիրակի պետական համալսարաններում կայացած ՈԲՀ գրքույկի շնորհանդեսների ընթացքում երիտասարդ ուսանողների ցուցաբերած հետաքրքրվածությունն ու ոգևորությունը ևս մեկ անգամ ընդգծեցին թեմայի արդիականությունն ու երիտասարդների ակտիվ ներգրավման կարևորությունը։ Սա նաև հստակ հրամայական է շարունակելու ոչ բռնի հաղորդակցությանը նվիրված գրականության տարածման և հանրայնացման աշխատանքները»,- շեշտում է ուղեցույցի հեղինակը։

Ուղեցույցը հնարավոր է ներբեռնել Հանրային լրագրության ակումբի կայքից՝ այս հղմամբ։

Նշենք, որ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ՝ «Ա1+»-ը վերջերս հարցազրույց էր անցկացրել Սինտա Դեպոնդտի հետ՝ քննարկելով ՈԲՀ-ն որպես կարիքահեն ու կյանքն «ավելի գեղեցիկ» դարձնող մոտեցում:

Հանրային լրագրության ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031