Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգենդների փառքի արահետում բացվել են Global High-Tech Awards-ի երեք դափնեկիրների անվանական աստղերը

Դեկտեմբեր 24,2025 19:00

Դեկտեմբերի 22-ին Ինժեներական քաղաքում գտնվող Լեգենդների փառքի արահետում պաշտոնապես բացվել են Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022, 2023, 2024 թվականների դափնեկիրների անվանական աստղերը։

Այդ մրցանակակիրներն են «Adobe»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը (2022թ․), «Infosys»-ի հիմնադիր Նարայանա Մուրթին (2023 թ․) և «AIPLAB» կոնսորցիումի հիմնադիր դոկտոր Յոշիակի Հագիվարան (2024 թ․)։

Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն, միջազգային ընտրող հանձնաժողովի անդամ Բագրատ Ենգիբարյանը, Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գևորգյանը, ինչպես նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:

Ողջունելով ներկաներին՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ՀՀ կառավարության և տեխնոլոգիական համայնքի մոտեցումների կենտրոնում անհատն է՝ որպես նորարարության, առաջնորդության և համամարդկային արժեքների ստեղծող։

Նրա խոսքով՝ այն անհատները, որոնք իրենց գիտելիքով, նախաձեռնողականությամբ և նորարարական մտածողությամբ նպաստում են տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը, արժեք են ձևավորում ոչ միայն իրենց կազմակերպությունների, այլև ողջ մարդկության համար։

Բացման խոսքով ելույթ է ունեցել Հովիկ Մուսայելյանը, ով մասնավորապես, նշել է․ «Ինժեներական քաղաքի Փառքի արահետում անվանական աստղերի տեղադրումը մարդկության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակին արժանացած դափնեկիրների նկատմամբ մեր երկրի և ժողովրդի կողմից տածած ակնածանքի և գնահատանքի ապացույցն է»։

16 տարի շարունակ, Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է։ Հաջողված գործակցության արդյունքում, տարբեր տարիների մեր երկիր են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում և համաշխարհային տնտեսության մեջ:


«Լեգենդների փառքի արահետում ՏՏ ոլորտի համաշխարհային մեծությունների անվանական աստղերի բացումը հարգանքի նշան է նրանց հանդեպ և ոգեշնչող օրինակ մեր երիտասարդության համար՝ թե ինչպես է պետք ապրել, աշխատել, ունենալ տեսլական ու համարձակություն՝ ոտք դնել այնտեղ, որտեղ դեռ ոչ ոք չի քայլել: Նրանք առաջնորդության օրինակներ են, որոնք ուղենշում են, թե ինչպես է ստեղծվում բոլորովին նորը, որ փոխում է աշխարհի ու տեխնոլոգիաների մասին պատկերացումները։ Առաջին իսկ օրվանից Viva-ն հավատացել է այս գաղափարին և 16 տարի անընդմեջ ՏՏ ոլորտում Պետական մրցանակի գործընկերն է»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գևորգյանը:

Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է։ Մրցանակաբաշխությանն աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Գլխավոր գործընկեր՝ Viva ընկերություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031