Ընդդիմադիր դաշտում նոր միավորումներ և դաշինքներ ձևավորելու, ինչպես նաև սկզբունքային որոշ հարցերի շուրջ ֆիզիկապես չմիավորված ուժերի միջև համաձայնություններ ձեռք բերելու հարցում 2026 թվականի սկիզբը վճռական է լինելու։
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները հայտարարում էին ժողովրդավարական արժեքներին հետևելու և գրանցված առաջընթացի մասին, մեր երկրում բոլոր ժողովրդավարական ավանդույթները հետևողականորեն լիովին ոտնահարվեցին ու շարունակում են ոտնահարվել։ Դրա արդյունքում քաղաքական հետապնդումները հասան իրենց գագաթնակետին (չնայած, ինչպես շատ փորձագետներ են նկատում, ամեն ինչ դեռ առջևում է, և գուցե դեռ չենք էլ հասել գագաթնակետին)։ Իրավիճակը ցույց տվեց, որ եթե որևէ անձ քաղաքականությամբ է զբաղված ու, առավել ևս, ընդգրկված է ընդդիմության շարքերում, ապա իրավապահ մահակի պոտենցիալ թիրախ է։
Միևնույն ժամանակ, իրավական ճնշումների տակ հայտնեցին մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ, ինչը պայմանավորված էր Եկեղեցի-քաղաքական իշխանություն սուր հակադրության դրսևորումներով։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևիցե չէր արձանագրվել նմանատիպ դեպք, որ Եկեղեցին՝ որպես առանձին ինստիտուտ՝ իր բոլոր թերություններով հանդերձ, հարձակման ենթարկվեր քաղաքական իշխանության ղեկավարի կողմից, որը ոտնատակ է տալիս գրված ու չգրված բոլոր բարոյական ու իրավական նորմերը։
Բացի այդ, Փաշինյանի գլխավորած իշխանությունը շարունակեց վարկաբեկել մեր ազգային արժեհամակարգը՝ պատմությունից մինչև ազգային սիմվոլներ։ Դրա արդյունքում էլ ձևավորվեց, այսպես կոչված, «իրական Հայաստանի» կոնցեպտը, որը ձևախեղում է հայ ժողովրդի պատմական անցյալը։
Կարդացեք նաև
Չնայած այն հանգամանքին, որ տարեսկզբից իշխող քաղաքական ուժի դիրքերը շարունակեցին թուլանալ, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին դժգոհությամբ, այնպես էլ երկրի շահերը պաշտպանելու տեսանկյունից ապաշնորհ արտաքին քաղաքականությամբ, ընդդիմադիր ուժերն այդպես էլ չկարողացան օգտվել պահից ու իշխանափոխություն իրականացնել։ Անցնող տարվա ընթացքում ընդդիմությունն այդպես էլ զերծ մնաց փողոցային շարժումից՝ իր ուժերն ավելի շատ կենտրոնացնելով հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ։ Հիմա ընդդիմադիր դաշտում նոր վերափոխումներ են սկսվել, նոր ուժեր են հայտ ներկայացրել՝ խորհրդարանում հայտնվելու, ինչու չէ՝ իշխանափոխության հասնելու ուղղությամբ։
Սակայն ընդդիմադիր ուժերին դեռևս չի հաջողվում միասնական հարթակ ձևավորել, իսկ որոշ դեպքերում էլ այս քաղաքական միավորները զբաղված են ավելի շատ միմյանց մրոտելով, քան իշխանություններին քննադատելով, ինչը պարզապես ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին: Ընդդիմադիր դաշտում նոր միավորումներ և դաշինքներ ձևավորելու, ինչպես նաև սկզբունքային որոշ հարցերի շուրջ ֆիզիկապես չմիավորված ուժերի միջև համաձայնություններ ձեռք բերելու հարցում 2026 թվականի սկիզբը վճռական է լինելու։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































