Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

Դեկտեմբեր 25,2025 13:19

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿը «Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿի վերանվանելու հարցը:

Փոփոխության նպատակն է այդկերպ արժևորել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես 25-30 հոգուց բաղկացած Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ 1969 թվականից երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» կոչմանը, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է: 2012 թվականի նոյեմբերի 15-ին Կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։

Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի 184 լավագույն համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլն: Այս տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:

Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված 69 սիմֆոնիկ նվագախմբերի հետ, որոնց թվում են ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ և «Բոլշոյ» թատրոնի նվագախմբերը:

Շարունակելով հայ դասական խմբերգային երաժշտության լավագույն ավանդույթները՝ Հովհաննես Չեքիջյանի օրոք երգչախումբը հասել է հայ խմբերգային արվեստի չգերազանցված մակարդակի, դարձել հայկական և համաշխարհային դասական խմբերգային երաժշտության լավագույն մեկնաբանը։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031