Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանին՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդուն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով՝ 300 հազար դրամով։
Որոշումը կայացվել է 2025 թվականի դեկտեմբերի 3-ի նիստում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը հարուցվել էր 2025 թվականի նոյեմբերի 10-ին՝ զանցանքի հատկանիշներով՝ առերեւույթ խախտման կապակցությամբ։ Պատճառը՝ 478 միլիոն դրամի պայմանագիրն էր։ Այս մասին հոդված էր տպագրվել Infocom.am կայքում։
Ուսումնասիրության արդյունքում ԿԿՀ-ն պարզել է, որ 2025 թվականի փետրվարի 5-ին եւ սեպտեմբերի 4-ին Հակոբ Շահգալդյանը կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագրեր «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ի հետ։ ՍՊԸ-ի գործադիր մարմինը եւ միակ սեփականատերը հանդիսացել է իր հետ գործնական հարաբերություններ ունեցող անձ՝ Չարենցավան համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանը։ Փետրվարի 5-ին կնքված կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագիրը կնքելուց առաջ Հակոբ Շահգալդյանի կողմից ԿԿՀ չի ներկայացվել դրա կնքման փաստի վերաբերյալ հայտարարություն՝ այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերեւույթ խախտում։
Ուսումնասիրելով գնումների գործընթացները՝ ԿԿՀ-ն համարել է, որ 2025 թվականին նշված ընկերության հետ կնքված 3 պայմանագրերից 2-ի դեպքում շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հակոբ Շահգալդյանը գրավոր հայտարարություն է ներկայացրել հանձնաժողով, ինչը վկայում է, որ Շահգալդյանը գտել է, թե իր կողմից «Աշկար» ՍՊԸ-ի հետ կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի կնքումը կարող է հանգեցնել շահերի բախման։
Կարդացեք նաև
Հանձնաժողովը եզրահանգել է, որ Հակոբ Շահգալդյանի կողմից իր պաշտոնեական պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարումն ապահովելու նպատակով չեն ձեռնարկվել օրենքով սահմանված համապատասխան գործողություններ՝ շահերի բախման իրավիճակում չհայտնվելու կամ նման իրավիճակում հայտնվելու պարագայում օրենքով նախատեսված՝ կանխարգելման ընթացակարգերով առաջնորդվելու ուղղությամբ։
Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

















































