Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչական էին կանչել, քննիչն աղջիկ էր, հարցնում էր՝ կաշառք տվե՞լ եք, որ սեփականաշնորհել եք, ասի՝ քուրիկ ջան, ի՞նչ կաշառք»․ Վարդան Ղուկասյանի գործով հարցաքննվեցին վկաները

Դեկտեմբեր 25,2025 17:41

Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվեցին մի քանի վկաներ։ Առաջին վկան Կարեն Եղիազարյանն էր, որը «Դոմուսի» աշխատակից է։ Նա իր տված ցուցմունքում նշեց, որ 1991-1992 թվականին իր հայրը հողամաս է ձեռք բերել, գնել մասնավոր անձից, այնուհետ վաճառել է։ Հողամասը իր անունով է եղել, սակայն ինքը փաստաթղթային գործողությունների չի մասնակցել, երիտասարդ է եղել։

«3-4 տարի առաջ էր, քննչական էին կանչել, քննիչն աղջիկ էր, հարցնում էր կաշառք տվե՞լ եք, որ սեփականաշնորհել եք, ասի՝ քուրիկ ջան, ի՞նչ կաշառք, մենք մեր հողը սեփականաշնորհել ենք, վսյո, էդքան բան»,-ասաց վկան։

Մեղադրողը հարցրեց՝ տակի հողամասը, որը մասնավոր չի եղել, գնացել եք քաղաքապետարան ձեռք բերելու, կոնկրետ ի՞նչ գործողության եք մասնակցել, վկան ասաց, որ աճուրդ է եղել, հայտ է ներկայացրել իր հայրը, աճուրդից էլ 20 տարի անցել է, չի հիշում մանրամասներ։ Վկայի հայրը մահացել է։

Մեղադրողի հարցին՝ ինչ կարգով է տեղի ունեցել աճուրդը, վկան պատասխանեց․ «Հայտն իմ անունով էր, հայրս ասաց՝ աճուրդ է , մենակ հիշում եմ՝ 2-րդ, թե 3-րդ հարկում էր․ մեզանից բացի էլի մասնակիցներ կային, չեմ հիշում քանի հոգի էին»։

Կարեն Եղիազարյան

Նա նշեց, որ իր քրոջ ամուսինը ևս ուզում էր ձեռք բերել այդ նույն հողամասը, աճուրդի է մասնակցել։ Հարցին՝ կոնֆլիկտ ունեի՞ք ձեր փեսայի հետ, որ նա էլ էր ուզում հողամասը ձեռք բերել, պատասխանեց՝ այո։

Նա հիշեց, որ աճուրդից հետո կադաստր են գնացել, որտեղ գրանցել են այդ հողամասը։ Վկայական են ունեցել, այդ հողամասը վաճառել են։

Հարցին՝ ձեզ կադաստրի կամ քաղաքապետարանի աշխատակիցներից որևէ մեկը հայտնե՞լ է, որ այդ հողը օտարման ենթակա չէ, վկան ասաց՝ «Չեմ հիշում նման բան, եթե նման բան լիներ, ի՞նչ գործ ուներ էդ հողը մեզ մոտ, չգիտեմ՝ կարելի է եղել, չի կարելի է եղել, չգիտեմ»։

«Զանգեցին քննչականից, երիտասարդ աղջիկ էր, ասաց՝ հողի համար կաշառք տվե՞լ եք, ասի՝ ինչի՞ պիտի տամ կաշառք, քուրիկ ջան»,-նորից կրկնեց վկան։

Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը ևս հետաքրքրվեց՝ որևէ մեկն ասե՞լ է, թե այդ հողամասը «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի տակ է, վկան ասաց՝ ոչ։

Հողը ծանրաբեռնված է եղել ալյումինե տաղավարով, դա իրենք քանդել են։

Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանի հետ որևէ շփում չի ունեցել, երբևէ չի տեսել շահագրգռվածություն նրա կողմից իրենց օգնելու։

Մյուս վկան՝ Արմեն Մինասյանն էլ, որը Կարեն Եղիազարյանի քրոջ ամուսինն է, ասաց, որ ինքը մի անգամ դիմել է աճուրդով հողամաս ձեռք բերելու։

Հարցին՝ երբևէ կոնֆլիկտ եղել է աներոջ հետ, վկան պատասխանեց՝ մի պահ եղել է, բայց նորմալ հարաբերությունների մեջ են։

Նա չհիշեց, թե ինչ հողամաս էր ուզում ձեռք բերել, քանի քառակուսի մետր էր։

Իսկ թե որտեղից էր իմացել աճուրդի մասին, ասաց՝ փոքր քաղաք է, որտեղ տեղեկատվությունն արագ տարածվում է։ Նա նշեց, որ տվյալ հողամասի համար աճուրդի մասնակցել է աներոջ խնդրանքով, մասնակցել են ինքն ու աները։

Վկան չհիշեց մանրամասներ աճուրդից։

Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը հարցրեց՝ երբևէ Վարդան Ղուկասյանի անունը շոշափվե՞լ է, վկան ասաց՝ չեմ լսել։

«Քննիչի ցույց տված փաստաթղթում ձեր ստորագրությո՞ւնն է», -հարցրեցին վկային։

«Իմինին նման է, բայց իմը չէ», – պատասխանեց նա։

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031