Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր աջակցությունը կապված չէ որևէ քաղաքական կուսակցության հետ կամ որևէ տեսակի միջամտություն չէ»․ Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին

Դեկտեմբեր 26,2025 11:06

Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին․ «Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցով: 12 միլիոն եվրո՝ ի՞նչ միջամտության մասին է խոսքը և ո՞վ է այն ստանալու։ Ի՞նչ պետք է արվի կամ ի՞նչ մեխանիզմներ պետք է ներդրվեն այդ ֆինանսավորման հատկացման և բաշխման գործընթացում, որպեսզի այն չդառնա իշխանությանն՝ ընդդեմ ընդդիմության աջակցման օրինակ, որը հնարավոր կլինի որակել որպես «հիբրիդային միջամտություն»։

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունից Aravot.am-ը ստացել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գրավոր պատասխանը, որում մասնավորապես նշված է․ «Ինչպես նշվել է 2025 թվականի դեկտեմբերին կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարությունում «Հայաստանը և ԵՄ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքներին։ ԵՄ-ն վերահաստատել է իր հաստատուն աջակցությունը Հայաստանի համապարփակ քաղաքական և տնտեսական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու Հայաստանի ջանքերին»:

Հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքն է ազատ և արդար ընտրությունների միջոցով որոշել իր երկրի ապագան։ Ընտրությունները ժողովրդավարության համար առանցքային և վճռորոշ հանգրվաններ են։ Միևնույն ժամանակ, դրանք նաև արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), հիբրիդային և կիբերհարձակումների հիմնական թիրախներից են։ Չարամիտ դերակատարները նպատակ ունեն խեղաթյուրել ժողովրդավարական գործընթացները, թուլացնել ինստիտուտները և հասարակության մեջ սերմանել անվստահություն ու բևեռացում՝ խոչընդոտելով քաղաքացիների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությանը։

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը և ինքնիշխան ընտրություն կատարելու կարողությանը։ Մեր աջակցությունը կապված չէ որևէ քաղաքական կուսակցության հետ և հակամիջամտություն կամ որևէ տեսակի միջամտություն չէ։ Մենք աջակցում ենք հայկական ժողովրդավարական ինստիտուտներին՝ միջամտությունների նկատմամբ դիմակայուն լինելու և ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու կարողություն ունենալու համար։

ԵՄ-ի աջակցությունը ազատ և արդար ընտրությունների կազմակերպմանը ներառում է ինստիտուտների ամրապնդում (օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով մեր ARTEMIS նախագծի շրջանակում), մեդիագրագիտության զարգացում, ինչպես նաև ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների աջակցություն, որոնք բոլորն ուղղված են Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության և ինստիտուցիոնալ ամբողջականության ամրապնդմանը։ Այս աշխատանքն իրականացվում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ ծրագրերի միջոցով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Naira says:

    Իրականում, քանի որ ԵՄ-ն աչք է փակում կատարվող մարդու իրավունքների խախտումներին պետության կողմից, նշանակում է դուք ամմեն գնով աջակցելու եք հենց իշխող ուժին վերարտադրվել։ Անձամբ դեսպան Մարագոսը շատ լոյալ վերաբերմունք ունի կառավարող ուժի հանդեպ և կուրորեն չի տեսնում երկրում կատարվող մարդու իրավունքների աղաղակաող խախտումները։ Ո՞վ էր տեսել նման ԵՄ դեսպան նախկինում։
    Այ երբ Փաշինյանը դեպի պուտին իր շրջադարձը կկատարի, էն ժամանակ կխոսենք պարոն դեսպան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031