Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսության ամենախորը խնդիրներից մեկը փողի պակասը չէ, այլ կապիտալի շրջանառության և վստահության բացակայությունը. Դավիթ Անանյան

Դեկտեմբեր 26,2025 11:12

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀԵՆԱՍՅՈՒՆ 7Առանց կապիտալի շուկայի չկա իրական ներդրումային միջավայր, իսկ առանց այդ միջավայրի՝ զարգացում

Հայաստանի տնտեսության ամենախորը խնդիրներից մեկը փողի պակասը չէ, այլ կապիտալի շրջանառության և վստահության բացակայությունը։

Այսօր տնտեսությունը շարունակում է աշխատել փակ, ոչ թափանցիկ մոդելով, որտեղ ներդրողը պաշտպանված չէ, կորպորատիվ կառավարումը թույլ է, իսկ արժեթղթերի շուկան՝ փաստացի գոյություն չունեցող։

Թափանցիկություն՝ որպես տնտեսության նորմ

Նոր տնտեսական մոդելը պահանջում է, որ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը լինեն կանոն, ոչ թե բացառություն։

Մենք առաջարկելու ենք հրաժարվել «բաց» և «փակ» բաժնետիրական ընկերությունների բաժանումից։

Յուրաքանչյուր ընկերություն պետք է հստակ ընտրություն կատարի․ կամ գործել ՍՊԸ-ի պարզ ռեժիմով, կամ դառնալ լիարժեք բաժնետիրական ընկերություն՝ իր հաշվետվողականությամբ, բաժնետոմսերի (արժեթղթերի) հասանելիությամբ ու բորսայում շրջանառությամբ և, բնականաբար՝ պաշտպանված ներդրողով։

Սա բիզնես միջավայրը դարձնում է կանխատեսելի և ներդրողին հասկանալի։

Ռազմավարական ընկերություններ՝ հանրային վերահսկողությամբ

Տնտեսության առանցքային ոլորտներում գործող ընկերությունները պետք է ունենան «հանրային հետաքրքրությունների ընկերություն» կարգավիճակ, որոնց կազմակերպաիրավական ձևը պետք է լինի բաժնետիրական ընկերություն։

Սա վերաբերում է՝ բանկային համակարգին, էներգետիկային, հեռահաղորդակցությանը, բնական մենաշնորհներին, ինչպես նաև հանքարդյունահանող և ենթակառուցվածքային օպերատորներին։

Բարձր հաշվետվողականությունը այստեղ ոչ սահմանափակում է, այլ տնտեսական անվտանգության գործիք։

Շահութահարկ՝ ներդրումը խթանող մոդելով

Արժեթղթերի շուկայի զարգացման առանցքային խթանը շահութահարկի նոր մոտեցումն է։

Բաժնետիրական ընկերությունները կհարկվեն միայն շահույթի բաշխման պահին։ Չբաշխված շահույթը, որը ուղղվում է արտադրության, տեխնոլոգիաների կամ ընդլայնման վրա, չի հարկվի։

Սա խրախուսում է կապիտալի կուտակումը, երկարաժամկետ ներդրումներն ու ընկերությունների աճը։

Արժեթղթերի շուկան՝ նոր տնտեսության հենասյուն

Այս բարեփոխումների համակցված արդյունքը կձևավորի կապիտալի իրական շուկա, ներդրումները կդառնան լայն և հասանելի, բիզնեսը դուրս կգա փակ մոդելից, ինչպես նաև կբարձրանա հանրային վստահությունը տնտեսության նկատմամբ։

«Միասնության թևեր»-ի յոթերորդ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ սա է։ Առանց զարգացած արժեթղթերի շուկայի Հայաստանը չի կարող ունենալ ներդրումային, արտադրող և երկարաժամկետ դիմակայուն տնտեսություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031