Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով 2023 թվականին ընդդեմ Հովիկ Աբրահամյանի ու նրան փոխկապակցված այլ անձանց ներկայացրած հայցի քննությունը:
Այսօր նախկին վարչապետի ներկայացուցիչը միջնորդեց դատարանին թույլ տալ Աբրահամյանին փոխել իր Մերսեդես մակնիշի մեքենայի պետհամարանիշը: Փաստաբանի խոսքով՝ Աբրահամյանը երկու անգամ դիմել է Ճանապարհային ոստիկանություն այդ հարցով ու մերժում է ստացել, քանի որ այդ մեքենայի վրա, դատարանի որոշմամբ, կա հայցի նախնական ապահովման մասին որոշում: Դատարանը բավարարեց Աբրահամյանի ներկայացուցչի միջնորդությունը:
Կարդացեք նաև
Աբրահամյանի ներկայացուցիչները նաեւ հարց հնչեցրին, թե ինչ հիմքով է դատախազությունը Ազատության պողոտայում Բագրատունի Բարսեղյանին կառուցապատման իրավունքով տրված հողատարածքը վերագրել Հովիկ Աբրահամյանին եւ դիտարկել ապօրինի:
Ըստ մեղադրող դատախազի՝ նշված տարածքում անշարժ գույքեր են գրանցված եղել, որոնք հետագայում փոխանցվել են Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին:
-Գործարքները վերահսկվել են Հովիկ Աբրահամյանի կողմից,- պնդեց դատախազը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































