«Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձ է կատարել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի շրջանակում ընդունված վերջին փոփոխություններին՝ ընդգծելով, որ դրանք չեն լուծում ոլորտային խնդիրները.
««Կրիպտո տնտեսվարողների միությունը» արձանագրում է, որ «կրիպտոակտիվների մասին» օրենքի շրջանակում ընդունված վերջին փոփոխությունները որոշակի առաջընթաց են նախկինում գործող օրենսդրության համեմատ, սակայն դրանք չեն լուծում ոլորտի առանցքային խնդիրները և չեն ապահովում ոլորտի կենսունակ գործունեությունը։
Ամիսներ շարունակ ոլորտի ներկայացուցիչները պետական բոլոր պատկան մարմիններին ներկայացրել են, որ կանխիկ գործարքները կրիպտո ոլորտում ունեն կենսական նշանակություն, իսկ ոլորտը չունի անկանխիկ ենթակառուցվածք։ Միևնույն ժամանակ ներկայացվել են մանրամասն տվյալներ ոլորտում առկա ահռելի շրջանառության, միջազգային փոխանցումների և առևտրի ծավալների վերաբերյալ։ Ցավոք, փաստարկված և թվերով հիմնավորված այս դիրքորոշումը մեծ մասամբ անտեսվել է։
Օրենքում նախատեսված 300,000 ՀՀ դրամ կանխիկ գործարքների շեմը ոլորտի համար ունի գրեթե զրոյական գործնական նշանակություն։ Կրիպտո ոլորտում իրականացվող գործարքների ճնշող մեծամասնությունը զգալիորեն գերազանցում է այս շեմը, և այս պայմաններում ներկայացված «թույլտվությունը» փաստացի հավասարազոր է կանխիկի գրեթե ամբողջական արգելքին։ Այս արգելքի հետևանքների մասին ոլորտը բազմիցս և մանրամասն բարձրաձայնել է պետական մարմինների հետ հանդիպումների ընթացքում, ինչպես նաև հանդես եկել հրապարակային հայտարարություններով։
Կարդացեք նաև
Ընդունված փոփոխությունների հիմնական տարբերությունը նախորդ մոտեցման համեմատ այն է, որ կանխիկ գործարքների թույլատրված ժամկետը մեկ տարվա փոխարեն դարձել է երկու տարի՝ նույն 300,000 դրամ սահմանաչափով։ Մենք արձանագրում ենք, որ այս փոփոխությունը ոչ մի իրական խնդիր չի լուծում, քանի որ խնդիրը սկզբունքորեն ոչ թե ժամկետն է, այլ հենց սահմանաչափը։ Տվյալ շեմը ոչ միայն անհամատեղելի է ոլորտի գործունեության բնույթի հետ, այլև խտրական մոտեցում է, եթե այն համադրվում է բանկերի, արտարժույթի փոխանակման կետերի, միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև այլ երկրներում կիրառվող պրակտիկայի հետ։
2026թ. հունվարի 1-ից գործող այս սահմանափակումների պայմաններում ոլորտի ընկերությունները փաստացի կանգնում են գործունեության կոլապսի առաջ։ Շրջանառության ճնշող մեծամասնությունը, որը վերաբերում է միջազգային փոխանցումներին և առևտրին, չունի որևէ հնարավորություն տեղավորվելու 300,000 դրամի սահմանաչափի շրջանակում։ Արդյունքում՝ ընկերությունների զգալի մասը ստիպված կլինի կամ փակվել, կամ տեղափոխել գործունեությունը ստվերային դաշտ։
Կարգավորումները մշակվել են առանց ոլորտի ամբողջական պատկերի և գործնական մեխանիզմների խորքային ընկալման, ինչն էլ հանգեցրել է անտրամաբանական, անհամաչափ և տնտեսապես չհիմնավորված լուծումների։ Նախաձեռնված փոփոխությունները ոչ թե իրական կարգավորում են ապահովում, այլ ոլորտը մղում են փակուղի։
Պետության հետ համագործակցել ցանկացող բարեխիղճ տնտեսվարողների փակվելու արդյունքում ոլորտի շրջանառության գերակշռող մեծամասնությունը տեղափոխվելու է ստվեր։ Արդյունքում պետությունը կկորցնի միլիարդավոր դոլարների շրջանառության հանդեպ վերահսկողությունը, որից կարող էր հավաքագրել ինչպես ոլորտային հարկեր (կրիպտո բիզնեսներից), այնպես էլ առևտրային հարկեր՝ կրիպտոյով իրականացվող միջազգային առևտրից։
Միևնույն ժամանակ դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ քննարկումների ընթացքում կիսում էին ոլորտի կողմից բարձրաձայնված մտահոգությունները և բարձրացնում էին լիովին լեգիտիմ հարցեր, որոնց բավարար պատասխաններ չէին տրվում Կենտրոնական բանկի ներկայացուցիչների կողմից։ Այդուհանդերձ, մնում է անհասկանալի, թե ինչու այդ նույն մտահոգությունները կիսող պատգամավորները չկատարեցին սահմանաչափին առնչվող փոփոխություններ, որոնք առանցքային էին այս քննարկման շրջանակում։
Մենք ողջունում ենք միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու գաղափարը՝ հաշվի առնելով, որ կրիպտո ոլորտը վերաբերում է ոչ միայն ֆինանսներին, այլ նաև տեխնոլոգիային, տնտեսությանը, ներդրումային միջավայրին և երկրի մրցունակությանը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ զարգացած երկրներում ոլորտի կարգավորումը հաճախ իրականացվում է մասնագիտացված և անկախ մարմինների, այլ ոչ թե բացառապես կենտրոնական բանկերի կողմից։
«Կրիպտո տնտեսվարողների միությունը» ակնկալում է առաջիկայում շարունակական կապի մեջ մնալ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ և արդեն հունվար ամսվանից թվերով և փաստերով ներկայացնել, թե ինչ իրական վնաս է կրում ոլորտը` գործող սահմանափակումների հետևանքով։ Մենք պատրաստ ենք նախաձեռնել և համատեղ քննարկել հավելյալ, էական օրենսդրական փոփոխություններ, որոնք կլուծեն խնդրի արմատը և կապահովեն ոլորտի օրինական, վերահսկելի ու զարգացմանը միտված գործունեությունը Հայաստանում»,-նշված է «Կրիպտո տնտեսվարողների միությա» հայտարարության տեքստում:


















































