Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ գործողություններում ՀՀ ինքնիշխանության դեմ որևէ սպառնալիք չեմ տեսնում»

Դեկտեմբեր 27,2025 14:00

Մեր դիտարկմանը՝ որպես հիբրիդային սպառանալիք կարող է ներկայացվել ցանկացած քաղաքական ուժի գործողություն, և արդյունքում նրան մեկուսացնեն ընտրապայքարից, քանի որ անորոշ է, թե ով է պայքարելու, ինչ միջոցներով, Արմեն Վարդանյանն արձագանքեց․ «Եթե քաղաքական ուժերն օրենքի և Սահմանադրության շրջանակներում են գործում, իրենք մտավախություն չպիտի ունենան»։

«ԵՄ գործողություններում ՀՀ ինքնիշխանության դեմ որևէ սպառնալիք չեմ տեսնում։ Ընդհակառակը, ԵՄ-ն ամեն ինչ անում է, որ օգնի Հայաստանին չեզոքացնելու իր դեմ տարվող հիբրիդային պատերազմները։ Ընդդիմախոսներին լռեցնելու մասին խոսք չկա»,-«Առավոտի» հարցին ռիսկեր տեսնո՞ւմ եք, որ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրվող աջակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար կարող է դառնալ իշխանությունների համար գործիք ընդդիմախոսներին լռեցնելու համար, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Նրա հավաստմամբ՝ ԵՄ-ի աջակցությունը պարզապես կեղծ լուրերի, հիբրիդային պատերազմի դեմ պայքարի մասին է․ «Հիբրիդային պայքարի ձևերից մեկն էլ կեղծ լուրերի տարածումն է, որը տեսնում ենք՝ ընդդիմադիր որոշ շրջանակներ իրականացնում են, դիտավորյալ կեղծ լուրեր են տարածում։ Օրինակ՝ տասը մզկիթի կառուցումն Էրդողանի պահանջով։ Մի քանի կայքեր ակնհայտ կերպով տեղադրել են իրենց մոտ, որն ակնհայտ կեղծիք է։ Սա հիբրիդային պատերազմի տարատեսակ է։ Դրա ձևերից մեկն էլ կարող են լինել կիբերհարձակումները Հայաստանի պետական կայքերի դեմ։ Հիբրիդային պատերազմի գործիքները բազմաթիվ են, և ԵՄ-ն օգնելու է ՀՀ-ին հնարավորինս չեզոքացնել այդ սպառնալիքները։ Մտածելու բան ունեն այն մարդիկ կամ շրջանակները, որոնք այդպիսի կեղծ լուրեր են տարածում և հիբրիդային պատերազմի մասնակից են։ Այն քաղաքական ուժերը, որոնք այդ գործողություններին չեն մասնակցում, մտահոգվելու բան չունեն»։

Մեր դիտարկմանը՝ որպես հիբրիդային սպառանալիք կարող է ներկայացվել ցանկացած քաղաքական ուժի գործողություն, և արդյունքում նրան մեկուսացնեն ընտրապայքարից, քանի որ անորոշ է, թե ով է պայքարելու, ինչ միջոցներով, Արմեն Վարդանյանն արձագանքեց․ «Եթե քաղաքական ուժերն օրենքի և Սահմանադրության շրջանակներում են գործում, իրենք մտավախություն չպիտի ունենան»։

Նկատեցինք՝ ադրբեջանական ծագման AI-95 բենզինի՝ Հայաստան ներմուծումը Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով շատ փորձագետներ համարում են միանվագ գործարք՝ քաղաքական ակցիա և հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ սա երկարաժամկետ չէ, որովհետև նախ այս տեսակի բենզին Ադրբեջանը չի արտադրում կամ քիչ քանակ է արտադրում, քանի որ չունի այդ տեխնոլոգիական հմտությունները, որ բարձր որակի բենզին արտադրի։ Եվ ինքը ՌԴ-ից, Արաբական Միացյալ Էմիություններից ու Ռումինիայից է բենզին ներկրում։ Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը կամ չի կարողանում՝ այդ տեխնոլոգիական հնարավորությունը չունի այդ տեսակի բենզին արտադրել, կամ էլ քիչ քանակությամբ է արտադրում։ Այս ամենի ներքո այն է, որ Ադրբեջանը ՀՀ-ին այդ տեսակի բենզին է մատակարարում, ինչը տնտեսապես այդքան էլ հարմար չէ Ադրբեջանին, քանի որ ինքն էլ է ներկրում և բավականին մատչելի գներով ՀՀ-ին է մատակարարում։ Այդ նույն բենզինը Սոկարի բենզալցակայաններում՝ Վրաստանում, ավելի թանկ է, դրան գումարած նաև գիտենք, որ Վրաստանը մեկանգամյա ժեստ է արել և տարանցման վճար չի պահանջել բենզինի համար։ Մեկ-երկու անգամ հնարավոր է դա, երրորդ-չորրորդ անգամ, երբ Վրաստանը սկսի տարանցման վճարներ պահանջել, այդ բենզինի ինքնարժեքն ավելի է մեծանալու, և վստահ չեմ, որ տնտեսապես Ադրբեջանից եկող բենզինը կարող է մրցել ՀՀ-ում վաճառվող բենզինի հետ։ Այսօր հարցերը բավականին շատ են, և կարծում եմ՝ երկարաժամկետ կտրվածքով այս գործարքը, բենզինի վաճառքը չի լինի ՀՀ-ում։ Հիմա Ադրբեջանը փաստացի սուբսիդավորում է այդ բենզինի վաճառքը ՀՀ-ին․ տնտեսական առումով այդ բենզինը, որ վաճառում է ՀՀ-ին, այնքան էլ ձեռնտու չէ Ադրբեջանին»։

Ամփոփելով 2025-ը՝ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ հայ-ամերիկյան հարաբերություններում ավելի շատ ձեռքբերումներ կա՞ն, թե՝ անորոշություններ, քաղաքագետը պատասխանեց․ «2025-ը հայ-ամերիկյան հարաբերությունների համար բավականին արդյունավետ տարի է՝ երևի թե ամենաաարդյունավետ տարին ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների պատմության ընթացքում։ Տարեսկզբին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիան, օգոստոսին վաշինգտոնյան պայմանավորվածությունները TRIPP-ի վերաբերյալ, իսկ փետրվարին ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան»։ Մեր դիտարկմանը, բայց TRIPP-ի հետ կապված անորոշությունները շատ են, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց․ «Տեսնում ենք, որ ինտենսիվ կերպով երկու կողմերն աշխատում են, անընդհատ աշխատանքային խմբերը հանդիպումներ, քննարկումներ են լինում՝ նաև առցանց ձևաչափով, և այդ անորոշությունները փորձում են հարթել։ Տեսանելի է, որ մեծ աշխատանք է կատարվում, որ այդ ծրագիրն իրագործվի։ Գրեթե ամեն շաբաթ փորձագիտական աշխատանքային խմբերի մակարդակով հանդիպումներ են տեղի ունենում։ Բավականին մեծ աժիոտաժ կա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031