Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Սիմոնյանին գիտեին ժամանակի մեծերը

Դեկտեմբեր 27,2025 12:30

Մոտենում է դեկտեմբերի 27-ը, իսկ ես չեմ հավատում, որ 40 օր առաջ կյանքից հեռացավ Երեւանի ամենալուսավորներից մեկը՝ Հռիփսիմե Սիմոնյանը։

Նա մահացավ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում, ուր դասախոսում էր, դասը դեռ չսկսած։ Հանկարծամահության պատճառը սիրտն էր…

Իմ ու նրա մտերմությունը սկսվել է 1983 թվականից։ Ես աշխատում էի կոշիկի «Մասիս» արտադրական միավորումում, կոմերիտմիության քարտուղարն էի, միաժամանակ սովորում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, իսկ նա «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումում էր, արվեստի եւ գրականության ժողհամալսարանի հիմնադիրներից էր, պրոռեկտորը։

Նա ծիծաղելով պատմում էր, որ երբ ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը, հայրը՝ Սերգեյ Սիմոնյանը, ով գործարանի հիմնադիրներից էր, համոզել էր գնալ իր հետ գործարան, հաշվողական կենտրոն։ «Ինչ պիտի անեմ գործարանում», -հարցրել է, ապա երբ արդեն աշխատում էր, ծանոթացել է Յուրի Արշակովիչի՝ Հովհաննիսյանի հետ, ով առաջարկել էր ժողհամալսարանում իր՝ ռեկտորի կողքին լինել։

Համալսարանը օգնում էր ճանաչել սեփական երկիրը, շփվել մտավորականների հետ, այցելել մշակութային օջախներ…

Ես մասիսցիներին տարել էի Ծովակ Համբարձումյանի հետ հանդիպման, ով Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի տնօրենն էր, ու հենց այդ ժամանակ էլ ծանոթացա Հռիփսիմեի հետ ու մեր ընկերությունը մնաց ամուր, գեղեցիկ, հարազատական։

Նա քայլող հանրագիտարան էր, մշակութային ներկայություն, գիտեր գնահատել լավը, գեղեցիկը։ Սիրում էր այդ ամենը հաղորդակից դարձնել թե իր շրջապատին, թե իր ուսանողներին, ովքեր տպավորված էին նրա հետ հանդիպումներով, դասախոսություններով, մարդկային շփումներով։
 
Նրան գիտեին ժամանակի մեծերը՝ Ծովակ Համբարձումյանը, Հենրիկ Մալյանը, Էլվիրա Ուզունյանը, Գեղամ Գրիգորյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Խաչատուր Իսկանդարյանը, Լուսիկ Ագուլեցին, Երվանդ Մանարյանը, Վիգեն Իսահակյանը՝ Իսահակյանի որդին, Հրաչյա Հովհանիսյանը, Շաքե Զուլալյանը, Արմեն Բուդաղյանը, ռեժիսորներ, նկարիչներ, արվեստի դպրոցների դասախոսները, մտավորականությունը։

«Ճակատագիրն ինձ ծանոթացրել է ինտելեկտուալ, մեծ կուլտուրայի տեր մարդկանց հետ, որոնք դերակատարություն են ունեցել իմ՝ որպես անհատի ձեւավորման մեջ»,-հաճախ ասում էր նա։

Հռիփսիմե Սիմոնյանն ավարտել էր նաեւ Երեւանի պետական համալսարանի ՀԳՖ արվեստաբանության բաժինը։

1989 թվականից Մշակույթի հայկական ֆոնդում էր, ուր այդ ժամանակ նախագահը Վարդգես Պետրոսյանն էր՝ նրա վաղեմի բարեկամը, որպես Սփյուռքի եւ արտաքին մշակութային կապերի բաժնի վարիչ։

Շուրջ տասը քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրակով, Ռիգա, Տալլին, Ղրիմ… իրականացրել է համահայկական մշակութային ծրագրեր, Երեւանում կազմակերպել է իրանական մշակույթի տոնահանդես։

Եղավ ժամանակ, երբ նա համաձայնվեց աշխատել մոսկովյան տուրիստական ֆիրմայում, որպես հայաստանյան ներկայացուցիչ։ Հենց դա առիթ դարձավ, որ Երեւանում դառնա Ռուսաստանի «Ճանապարհորդների ակումբ» (TV առաջին ալիք, Մոսկվա) հաղորդաշարի սիրված ղեկավար Յու. Սենկեւիչի 1989-1999թթ. նկարահանումների նախագծի հայաստանյան տնօրենը։ Այդ նախագծով Հայաստանի, Արցախի ու արցախցիների մասին չորս ֆիլմ նկարահանվեց, ցուցադրվեց. Հռիփսիմեի խորը իմացությունն օգտակար եղավ։

Նա հեղինակեց նաեւ «Սա իմ երկիրն է, Հայաստան» գիրքը։

Գիրքը Հայաստանի, փոփոխվող ներկայի, պատմության եւ անցյալի ձեռքբերումների մասին էր, փաստավավերագական, երկուհարյուրից ավելի լուսանկարներով, արխիվային բացառիկ նմուշներով։

«Ինձ կարող եմ համարել երեւանցի։ Ես, եղբայրս, ծնողներս ծնվել, մեծացել ենք Երեւանում։ Իմ հիշողության էջերում մեկընդմիշտ մնացել է Եղեռնից մազապուրծ վանեցի պապիս տունը, որը գտնվում էր Նալբադյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում։ Հանրապետական մարզադաշտը, Ֆլորայի այգին, «Մոսկվա» կինոթատրոնը, Կենտրոնական հրապարակի գրախանութը, Զինավոր եկեղեցին, ուր ամեն կիրակի մեծ տատս ձեռքս բռնած տանում էր ինձ, երրորդ մասում ապրող մարդիկ… ես երախտապարտ եմ ծնողներիս, որոնք մանկուց սերմանել են սեր առ մեր երկիրը։ Իմ ապրած տարիները մեջս թողեցին այն խորությունը, որը եղավ այս գրքում»,-ասում էր նա։ Գիրքը տպագրվեց մեծ դժվարություններով։ Մի քանիսին ասելուց ու նրանց մերժումը ստանալուց հետո գիրքը տպագրվեց սեփական միջոցներով։

Այդ հազվագյուտ գիրքը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի օգնությամբ միջազգային կոնֆերանսներից մեկի ժամանակ որոշակի քանակով բաժանվեց ԵԴ դատավորներին։

Հռիփսիմեն տեսակով բարեգործ էր. հնարավորության դեպքում նա անշշուկ անում էր դա։ Մի քանի անգամ ինքս եմ նրա անունից թշվառության մատնված մի քանի ընկերների, ովքեր լուրջ ավանդ ունեն մեր մշակութային կյանքում, օգնության ձեռք մեկնել, նրա գրքերից կան նաեւ քրեակատարողական հիմնարկներում։

Հիփսիմե ջան, ասելիքս շատ է, բայց դժվարանում եմ տարիների քո թողածը դասդասել, հիշել, դեռ չեմ հաշտվում այն մտքի հետ, որ իմ հիշողությունների թանկ անկյունում չես։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031