Լրահոս
Օրվա լրահոսը

Թադևոս Ավետիսյան․ Երեք հիմնական, հավաքական սոցիալական խոստումները, որոնք չափելի են, այս տարի չեն իրականացրել և չեն իրականացնելու․ «Փաստ»

Դեկտեմբեր 27,2025 09:40 Share

«Ընդհանուր առմամբ, անցնող տարին, լինելով վերջին տարին նախընտրական փուլի իմաստով, չառանձնացավ այս իշխանության՝ խոստումները չկատարելու իմաստով։ Այս տարի ևս պետք է արձանագրենք, որ օրվա իշխանությունը գնաց ոչ թե իր՝ 2021 թվականին տված սոցիալական և տնտեսական խոստումների իրականացման, այլ հակառակ՝ իրենց հատուկ պոպուլիստական բացատրություններ, նոր սուտ խոստումներ տալու ճանապարհով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ ամփոփելով անցնող տնտեսական տարին։ Հիշեցնում է՝ այս իշխանությունը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն։ «Արձանագրում ենք, որ սոցիալական որևէ խոստում չի իրականացվել։ Օրինակ՝ կենսաթոշակների միջին չափը պետք է դարձնեին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին համապատասխան։ Նախկինում, երբ դրա մասին խոսում էինք, ասում էին՝ դեռ կա ժամանակ, մեր խոստումները կիրականացնենք։ Իսկ հիմա, երբ սոցիալական որևէ խոստում իրականացված չէ, նորից պատճառներ են բերում՝ իբր դրանք օբյեկտիվ են, փորձում են բացատրել և նորից մանիպուլացնել մեր հասարակությանը։ Բայց ակնհայտորեն երեք հիմնական, հավաքական սոցիալական խոստումները, որոնք չափելի են, այս տարի չեն իրականացրել և չեն իրականացնելու, խաբել են»։

Այնուհետև տնտեսագետը թվարկում է իշխանության չիրականացրած խոստումները։ «Այս իշխանությունները խոստանում էին տնտեսական համակարգի որակական «բարեփոխումներ», արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիա։ Իրականում ճիշտ հակառակ պատկերն ունենք՝ մեկ երկրից Հայաստանի տնտեսության կախվածությունը շարունակաբար մեծացավ։ Խոստանում էին ներդրումային բումեր, դրա ականատեսը չեղանք, հակառակը՝ կրկին ունեցանք կապիտալի «փախուստի» դրսևորումներ։ Խոստանում էին բարձր տնտեսական աճ՝ ի հաշիվ մեր երկրի տնտեսության ներուժի, բայց կրկին արձանագրեցինք, որ այն աճը, որն ունենք այս տարի, նախորդ տարիների համեմատ էապես նվազել է։ Դրանով նաև ապացուցվեց, որ բարձր աճի վրա ազդող հիմնական գործոնը ոչ թե ներքին է, այլ արտաքին, և պայմանավորված է արտաքին պատահական գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված իրավիճակով։

Խոստանում էին, որ ունենալու ենք ժողովրդագրական պատկերի էական բարելավում, բայց արձանագրվեց հակառակը՝ ժողովրդագրական իրավիճակը վատանում է՝ մոտենալով ճգնաժամի։ Այս տարի ունեցանք ծնունդների շարունակաբար նվազում, մահերի աճ, մահացության ցուցանիշի բնական հավելաճը նվազեց, ամուսնությունների թիվն է նվազում, ամուսնալուծությունների թիվն է աճում։ Այս վատացումն առավել ընդգծված երևում է հատկապես գյուղական բնակավայրերում, ինչը խիստ մտահոգիչ է։ Անընդհատ խոստանում էին աջակցություն բազմազավակ ընտանիքներին և այլն, իսկ այս տարվա վերջին նախագծերից մեկով 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն էապես իջեցրին։ Օրինակ՝ 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում տրամադրվելիք մեկ միլիոն դրամը դարձավ 500 հազար դրամ, 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 միլիոնը՝ կրկին 500 հազար դրամ։ Նաև խոստանում էին, որ կապահովեն փոքր ու միջին բիզնեսի զարգացում, անընդհատ շեշտում են՝ ապահովելու ենք նպաստից դեպի աշխատանք կարգախոսը։ Սակայն այս տարի արձանագրեցինք, որ միկրոբիզնեսի, փոքր բիզնեսի հարկային բեռը կրկնապատկվեց, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձավ 10 տոկոս: Միջին, փոքր և միկրո բիզնեսի հարկային բեռի ավելացումն այդ ոլորտում հանգեցրեց սնանկացումների, շատերը կորցրեցին բիզնեսը, դարձան նպաստառու կամ արտագաղթեցին։ Բացի այս ամենը, նաև պետք է արձանագրենք, որ այս տարի առաջին անհրաժեշտության ապրանքների էական գնաճ է արձանագրվել։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճում է այն դեպքում, երբ հաջորդ տարի չեն բարձրանալու կենսաթոշակների, անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձի չափերը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շարունակվում է, և այդպիսով կարելի է արձանագրել, որ հաջորդ տարի մեր թոշակառուները, նպաստառուները և աշխատող աղքատներն ավելի վատ են ապրելու, քան այս տարի, իսկ այս տարի էլ ավելի վատ են ապրել, քան նախորդ տարի, և դա նաև պայմանավորված է գնաճով»,-նկատում է մեր զրուցակիցը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031