Ինչպիսի՞ն էր 2025 թվականը հայաստանյան քաղաքական կյանքում: Ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք այս տարի: Զրուցել ենք մի խումբ քաղաքագետների հետ, որոնք ամփոփել են տարին:
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Խոսելով 2025 թվականի մասին` ես կառանձնացնեի երկու կարեւոր իրադարձություն` օգոստոսին նախաստորագրված համաձայնագիրը եւ իշխանությունների կողմից բացահայտ սանձազերծված պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ: Այդ ամենին էլ զուգորդված` քաղաքական բանտարկյալները, խոսքի համար կալանավորվածներ, դատապարտվածներ:
Ըստ իս` սրանք են 2025 թվականի ամենակարեւոր ու առանցքային իրադարձությունները, եւ մեր ուշադրությունը պետք է հրավիրենք հենց այս հարցերի վրա:
Ներքաղաքական առումով 2025-ը խայտառակ վատ տարի էր` հաշվի առնելով եկեղեցու վրա հարձակումները, քաղաքական բանտարկյալները: Կարող ենք ֆիքսել մի բան, որ ընդդիմությունը չկարողացավ միասնական ճակատ ստեղծել եւ արդյունքի հասնել, ես այս ամենը համարում եմ ձախողում, թեպետ դեռ ժամանակ կա: Միեւնույն ժամանակ ես լիահույս չեմ, որ էական փոփոխություններ տեղի կունենան: Ինչ վերաբերում է թվացյալ խաղաղությանը, ապա այն իսկապես թվացյալ է` չհաշված նախաստորագրված պայմանագիրը: Ինչու, որովհետեւ այդ ամենի արդյունքում, փաստորեն, այն, ինչ կարող էինք ստանալ, չենք ստացել, հայ ռազմագերիները դեռեւս Բաքվում խոշտանգվում են, իսկ միակ շոշափելի արդյունքն այն է, որ Հայաստանի իշխանությունները խաղաղությունն օգտագործում են որպես նախընտրական քարոզչական թեզ, թե իբրեւ խաղաղությունը եկել է, այն դեպքում, երբ Բաքուն ամեն օր նոր պահանջներ է առաջ քաշում, իսկ Փաշինյանի իշխանությունը քայլառքայլ իջեցնում է նշաձողը»:
Բայց ՀՀ իշխանությունները շնորհակալություն են հայտնում Իլհամին եւ ասում, որ վերջապես Ադրբեջանի տարածքով նա հնարավորություն տվեց մեզ ցորեն, բենզին ներմուծել Հայաստան։ «Դրանք, միանշանակ, ձեռքբերումներ չեն, դա ուղիղ աջակցություն է Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի ՔՊ-ական իշխանություններին, որպեսզի նրանք հեշտությամբ վերարտադրվեն եւ շարունակեն իրենց զիջումները: Եթե այս ամենը լիներ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ապա ես այս ամենը նորմալ կհամարեի: Այժմ ես՝ ինքս, ինձ հարց եմ տալիս` լավ, Ադրբեջանի ինչի՞ն էր պետք Հայաստան բենզին ուղարկել, եւ ես որեւէ այլ բացատրություն չեմ տեսնում, քան ընտրություններին ընդառաջ Փաշինյանի իշխանությանն աջակցելն է, եւ, ի վերջո, փորձում են այս քայլերով մեղմացնել այն քարոզչական ազդեցությունը, որը կապված է իրենց կողմից Արցախում հուշարձանների ոչնչացման եւ այլ վայրագությունների հետ: Ես կարծում եմ, որ գալիք 2026 թվականին շատ բան կկանխորոշվի` ընտրությունների արդյունքներից հետո, օրինակ` իշխանություններն ասում են, որ Թրիփը կսկսի գործել հուլիս ամսից, այսինքն` ընտրություններից հետո: Եթե այս իշխանությունները վերարտադրվեն, պարզ է, թե ինչով են վերադարձնելու Ադրբեջանին այն պարտքը, որն այժմ ստանում են բենզինի, ցորենի եւ, որ ամենակարեւորն է` սահմաններին չկրակելու տեսքով, որպեսզի իբր թե խաղաղության փուչիկը չպայթի»:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































