Հայաստան ներմուծված ադրբեջանական բենզինը քննարկման մեծ առիթ դարձավ։
Դեկտեմբերի 24-ին, հայտնի դարձավ, որ բացի Ran Oil (Ռան Օիլ)-ից («Մեգա Թրեյդ» ՍՊԸ), Հայաստան բենզին է ներմուծել ևս մեկ ընկերություն՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։
Ինչպես գրել ենք, ընկերությունը մինչ այդ բենզին չի ներմուծել։ «Շիշա ուորլդ»-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Նրա հայրը՝ Վահագն Մկրտչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Ալեքսանյանի եղբայրն է։ Սամվել Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա մենեջեր է «Երևանի սիթի» սուպերմարկետում։
Այս տեղեկության և այն մասին, թե որտեղ է վաճառվելու «Շիշա ուորլդ»-ի ներկրած բենզինը, պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք ընկերությանը, սակայն առայժմ արձագանք չունենք։
Կարդացեք նաև
«Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի բազայի, գրանցված է որպես ծխախոտային արտադրատեսակ արտադրող։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին իր ֆեյսբուքյան էջում «ազդարարեց», որ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման АИ-95 բենզին։ Այն Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
Թե դրա որ մասն է ներկրել Ran Oil-ը և որ մասը՝ «Շիշա ուորլդ»-ը, ևս հայտնի չէ։
«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,- նշել է նախարարը։
Մինչ իշխանությունները սա համարում են ձեռքբերում Հայաստանի տնտեսության ու խաղաղության համար, ընդդիմախոսները՝ թշնամու ջրաղացին ջուր լցնել, փորձենք պարզել՝ ինչպես է դասավորված վառելիքի հայկական շուկան։ Մասնավորապես, թե ովքեր են բենզինի, դիզելային վառելիքի և ավիավառելիքի խոշոր ներմուծողները, որտեղից է այն ներմուծվում և ինչ ծավալներով։
Ըստ դրա՝ փորձել ենք նաև հասկանալ՝ արդյո՞ք ներմուծված ադրբեջանական բենզինի այս խմբաքանակը կարող է էական դեր ունենալ բենզինի շուկայի ընդհանուր գների վրա։
2025թ. առաջին տասն ամսում Հայաստանը 165 մլն ԱՄՆ դոլարի բենզին է ներկրել
Պետական եկամուտների կոմիտեից «Հետք»-ի ստացած տվյալներով՝ 2025 թվականի առաջին տասն ամսում (հունվար-հոկտեմբեր) Հայաստան է ներմուծվել շուրջ 175 հազար տոննա բենզին։ Ընդհանուր արժեքը կազմել է մոտ 165 մլն ԱՄՆ դոլար։
Հայաստանն առավել շատ ներմուծում է ռեգուլյար տեսակի բենզին, այսինքն՝ 95-ից պակաս օկտանային թվով, բենզալցակայաններում այն հիմնականում նշվում է որպես АИ-92 տեսակի։ 2025-ի հունվար-հոկտեմբերին ներմուծվել է մոտ 108 հազար տոննա ռեգուլյար տեսակի բենզին (մոտ 99 մլն դոլար)։ Դա կազմել է նույն ժամանակահատվածում Հայաստան ներմուծված բենզինի ընդհանուր ծավալների 61%-ը։ Նախորդ տարիներին դրա տեսակարար կշիռն ավելի մեծ է եղել։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հրապարակած ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2022-ին այն կազմել է 80%, 2023-ին՝ 71%:
Հաջորդում է պրեմիում տեսակի բենզինը (95 կամ ավելի, բայց 98-ից պակաս օկտանային թվով), որի ներմուծման ծավալները կազմել են մոտ 66 հազար տոննա կամ 64 մլն դոլար։
Սուպեր տեսակի բենզինի (98 կամ ավելի օկտանային թվով) ծավալները անհամեմատ փոքր են՝ 1.5 հազար տոննա կամ 1.5 մլն դոլար։
ՊԵԿ-ը՝ ի դեմս Մաքսային ծառայության, բաց աղբյուրներում հրապարակված վառելիքի արտաքին առևտրի տվյալների նույն տողում ներկայացնում է ոչ միայն բենզինի, այլև՝ դիզելային վառելիքի և ավիավառելիքի տվյալները։ Այս տարվա տվյալները առանձին հարցմամբ ենք ստացել ՊԵԿ-ից։
Նախորդ տարիների համար հիմք ենք վերցրել ՄԱԿ-ի տվյալների բազան՝ UN Comtrade Database-ը, որտեղ ապրանքախմբերի բացվածքն ավելի լայն է։ Այսպիսով, ըստ այդ տվյալների՝ 2020-2024 թվականներին Հայաստանը տարեկան մինչև 206 մլն ԱՄՆ դոլարի բենզին է ներկրել։ Ըստ արժեքի՝ ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 2022 թվականին։
Գների տատանման արդյունքում ստացվել է, որ բենզինի ներկրման արժեքը կտրուկ ավելացել է 2021 թվականից։ Սակայն, եթե ֆիզիկական ծավալներն ենք դիտարկում, ապա այս աճը այդքան տեսանելի չէ: Այսինքն՝ ոչ թե բենզինի ներմուծման քանակն է մեծ տեմպով ավելացել, այլ այն թանկացել է։
Հայաստանում վաճառվող բենզինի կտրուկ թանկացումը 2021-ին երևում է նաև մեկ այլ աղբյուրից։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվարկներով՝ Հայաստանում 2021-ին բենզինի մանրածախ միջին գինը կազմել է 473.5 դրամ այն դեպքում, երբ նախորդող տարում եղել է 359.2 դրամ։
Դեկտեմբերի 22-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան։
Ստացվում է, որ դա տասը ամիսներին ներմուծված բենզինի 1%-ին էլ չի հասնում։ Սա նշանակում է, որ գոնե այս պահին ադրբեջանական բենզինի կշիռն այնքան փոքր է, որ չի կարող էական ազդեցություն ունենալ գների վրա։ Հետևաբար՝ սա առաջին հերթին քաղաքական քայլ է։
Սեդա ՀԵՐԳՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



















































