Իշխանամերձ շրջանակների քարոզիչները իրենց հատուկ աղանդավորական ոճով անընդհատ փորձում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական Աթոռների գոյությունը ներկայացնել որպես պառակտվածություն Մայր Եկեղեցու մեջ։ Նման շեշտադրությամբ թեզերը առավել ակտիվացան երբ Մեծի Տանն կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը կոչ արեց ՀՀ իշխանություններին զերծ մնալ Հայ Եկեղեցուց ներս պառակտումներ ստեղծելու վտանգավոր մտադրությունից։ Թեև իշխանամերձ անազնիվ քարոզիչները իրենցից բացի ոչ ոքի չեն լսում, այդուհանդերձ հարկ համարեցի հիշեցնել նրանց ու նրանց համախոհներին, ինչպես նաև ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի վարչական հետևյալ կառուցվածքը․
ա․ Կաթողիկոսություն Ամենայն Հայոց (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին),
բ․ Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան),
գ․ Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն,
Կարդացեք նաև
դ․ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն,
ե․ Թեմական առաջնորդություններ և հայրապետական պատվիրակություններ,
զ․ Վանական միաբանություններ,
է․ Համայնքային (ծխական) հովվություններ։
Երեք նվիրապետական Աթոռները, այսինքն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն ու Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Պատրիարքությունները ստեղծվել են պատմական իրադարձությունների ու հանգամանքների բերումով, և դա որևէ կերպ չի վկայում Հայ Եկեղեցու պառակտվածության մասին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը առաջնորդն է ընդհանուր նվիրապետության։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, բնականաբար, մյուս Աթոռների նկատմամբ, նախամեծար է ու նախաթոռ։ Ամենուրեք Սուրբ և Անմահ Պատարագները մատուցվում են նույն Պատարագամատույցով և ճանաչվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսության գերիշխանությունը։ Պատարագի ընթացքում ամենուրեք հնչում են նույն Հավատամքը, ամենուրեք հիշատակվում են օրվա Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։
Հետևաբար այն թեզը, համաձայն որի իբր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության ու մեր երկու Պատրիարքությունների գոյությունը արդեն իսկ վկայում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պառակտվածության մասին՝ թշնամական և աղանդավորական վտանգավոր քարոզչության մաս է կազմում։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ամենայն Հայոց կաթողիկոսության առաջնորդությամբ միասնական է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների հետ միասին։
Անշուշտ, որոշ վարչական, տնտեսական, բարեգործական և այլ ազգանպաստ գործեր, տեղական առանձնահատկություններից ելնելով, ղեկավարվում են զուտ համայնքային որոշումներով, այսինքն առաջնորդվում են տեղական ինքնակառավարմամբ, սակայն դավանաբանական ու կանոնական հարցերում, ինչպես նաև ազգային կարևորագույն ու գոյաբանական հարցերում որևէ պառակտվածություն երբեք չի եղել և թող իզուր ջանքեր չգործադրեն հայաստանյան նորահայտ աղանդավորականները՝ դրա մեջ պառակտվածություն փնտրելով։
Պատարագի ժամանակ Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակելու հիվանդագին ցանկությունն ու պետական լծակներով այդ աղանդավորական ցանկությանը հասնելն է հենց պառակտվածություն առաջացնելու սկիզբը, որից պետք է օր առաջ հրաժարվել ու ամեն անգամ մի անմեղ պատարագիչ քահանայի ճակատագիրը չխեղել ու ժողովրդին էլ ստիպված մասնակից դարձնելով` մեղքի տակ չգցել։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


















































