Երկրի թանկացումների մասին պատկերացում կազմելու համար բավական է բացել սառնարանը․ այնտեղ գները խոսում են ավելի բարձր, քան ցանկացած պաշտոնական ցուցանիշ։
Օր օրի թանկացող մեր երկրում ամենաշատը վերջին ամիսներին, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, թանկացել է արևածաղկի բուսական յուղը; 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ գինը աճել է 15.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.0%-ով։
Ամանորին ընդառաջ խանութների սրահներում ոչ թե տոնական տրամադրություն է, այլ հաշվարկ։
Թեև ՀՀ-ում հոկտեմբեր ամսվա միջին անվանական աշխատավարձը 293 729 դրամ է, քաղաքացիները նշում են, որ այդ գումարը բավարար չէ անգամ հիմնական գնումների համար։
Կարդացեք նաև
«Բոլոր ապրանքները թանկացել են, մտնում ենք խանութ, ամբողջ աշխատավարձը ծախսում ենք, երեք ապրանքով դուրս գալիս։ Ամեն նոր տարի նույն պատմությունն է»։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը վստահ է․ «Ամանորյա թանկացումները պայմանավորված են պահանջարկի մեծացումով։ Քաղաքացիները մոտ հինգ օրվա համար տասնհինգ-քսան օրվա առևտուր են անում, առևտրականներն էլ, պահանջարկից օգտվելով, ապրանքների գները բարձրացնում են։ Սա ավանդաբար կրկնվող գործողություն է»։
Այս իրավիճակում ամենախոցելի խումբը թոշակառուներն են։ Սահմանափակ ու ֆիքսված եկամուտ ունեցող տարեց քաղաքացիների համար անգամ կարճաժամկետ թանկացումները լուրջ սոցիալական խնդիր են դառնում։
«Եթե չկա կենսաթոշակի աճ, փոխարենը կա գնաճ, նշանակում է, որ թոշակառուների պարենային զամբյուղում այս նոր տարի ավելի քիչ ապրանքներ կլինեն»,- նշեց Սուրեն Պարսյանը։
Գների աճի վրա, սակայն, ազդեցություն ունեն ոչ միայն առևտրականների վարքագիծն ու սեզոնային պահանջարկը, այլև ֆինանսական քաղաքականության վերջին փոփոխությունները։
«Օրերս Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրեց` դարձնելով 6,5%, ինչը ևս թանկացումների պատճառ է ՝ հաշվի առնելով վերջին տարիների ցածր գնաճի միտումը»,- հավելեց տնտեսագետը։
Վիկտորիա ԽԱՉԱՏՐՅԱՆ


















































