Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ պատճառով չէ, որ հիմա կարգ ու կանոն չկա։ Քանի իրենք չկային, հրաշալի կարգ ու կանոն կար». Փաշիկ Ալավերդյան

Դեկտեմբեր 28,2025 10:04

Օրերս պաշտոնից հեռացված ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը սեփական նախաձեռնությամբ հրավիրած մամուլի ասուլիսում հակադարձեց լրատվամիջոցների հետ զրույցներում ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի՝ իր մասին արած հայտարարություններին։

«Ես ուզում եմ, որ մենք այսօր պարզապես զրուցենք, խոսենք, մտածենք մեր ցավերի մասին։ Թե չէ, մենք այստեղ ոչինչ փոխել չենք կարող։

Ասում են, թե հավաքականում կարգապահությունը վերացել է եւ ես չեմ վերահսկում։ Դուք տեսել եք, որ ես մարզիկներին չեմ թողել շփվել ձեր հետ: Պետք է տեսնեիք, թե ինչպես էր 150 կիլոգրամանոց մարզիկը լսում ինձ։ Իմ պատճառով չէ, որ հիմա կարգ ու կանոն չկա։ Քանի իրենք չկային, հրաշալի կարգ ու կանոն կար։ Նույն Սամվել Գասպարյանն էլ մոտ ութ տարի եղել է թիմում։ Թող կանգնի ու ասի՝ ոչ, այսպես է եղել։ Ես հավաքականի կոնկրետ մարզիկի ասում եմ, որ հավաքական չպետք է գա, որովհետեւ առավոտյան ժամանակին չի արթնանում, ժամանակին չի գալիս մարզումների, Սամվել Գասպարյանը, որի հետ իրենք ընկերներ են, նրան ասում է՝ գնա երիտասարդների հետ պարապիր, քո գործը չի։ Որ պարապեց, ի՞նչ արեց։ Նրա համար ամոթ էր, որ Գարիկ Կարապետյանին կրվեց Եվրոպայի առաջնությունում։ Եվ ամոթ էր, որ նա աշխարհում զրո ստացավ։ Դա միանշանակ կարգապահության բացակայությունից էր։

Ցավով եմ նշում, որ ֆեդերացիայի նախագահը ընտրվելուց հետո չշփվեց մեր հետ։ Նրա ընտրվելուց հետո ես, որ գլխավոր մարզիչն էի, նրան երկու անգամ եմ տեսել, երրորդը օրերս էր՝ քաղաքապետարանում Երեւանի լավագույնների պարգեւատրման ժամանակ։ Բայց արդեն խոսելու բան չունեինք՝ ես հեռացված եմ։

Ինձ ասում են, թե Գոռ Մինասյանն ինչի՞ է գնացել Բահրեյն։ Ես գիտեմ՝ դեմս գրագետ մարդիկ են։ Յոթ անգամ արդեն ասել եմ, որ օլիմպիական խաղերում նույն երկիրը մեկ քաշային կարգում երկու մարզիկ չի կարող ունենալ։ Այսինքն, Գոռը պետք է մնար տանը նստած։ Իսկ ինչի՞ Գոռը։ Որովհետեւ Լալայանն ավելի երիտասարդ էր։ Լալայանին էին ուզում տանել Բահրեյն: Ես չտվեցի՝ Գոռը գնաց։ Ի՞նչ վատ բան է արել։ Եթե տանը նստեր՝ կլիներ շատ լավ տղա՞։

Ինձ մեղադրում են մարզիկների զրոներ ստանալու եւ վնասվածքների համար։ Ես բերել եմ մրցումների փաստաթղթերը, որին մասնակցել է 70 թիմ։ 41 հոգի զրո է ստացել։ Այդ թվում՝ բուլղարացիները, որ հրաշալի ծանրամարտ ունեն։ Խորհրդային տարիներին զրոներ ստացել է նաեւ Յուրի Վարդանյանը, ինչի համար չգնաց օլիմպիական խաղեր։ Երկու անգամ օլիմպիական խաղերում զրոներ ստացել է աշխարհի 56 ռեկորդ սահմանած Դավիթ Ռիգերտը, Վասիլի Ալեքսեեւը, որոնց նորից թիմ են դրել ու չեն գնդակահարել։ Զրոներ ստանում են այն մարզիկները, որոնք պայքարում են բարձր տեղերի համար: Զրո չի ստանում այն մարզիկը, որը հանդես է գալիս «C» խմբում, այսինքն, թույլերի խմբում»։

Փաշիկ Ալավերդյանը ընդգծեց նաեւ, որ իրեն աշխատանքից հեռացրել են օրենքները եւ միջազգային ֆեդերացիայի կանոնները կոպտորեն խախտելով։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031