Օրերս Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի «Արցախի» պուրակում դասընթաց էր։ Մեկ սեղանի շուրջ, բայց առցանց հարթակում հավաքվել էին ԱՄՆ-ում եւ նաեւ սփյուռքի այլ համայնքներում ու Հայաստանում ապրող հայ մտավորականներ։
Նրանց մեկտեղել էր ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակից Գեւորգ Մանուկյանը։ Գեւորգին հանդիպեցինք միջոցառման շրջանակներում։ Նա, վերջերս հիմնադրել է Ինտելեկտուալների համահայկական հարթակը (Pan-Armenian Intellectuals Platform)։ Գեւորգն ասում է՝ հարթակը համախմբում է հայտնի, իրենց գործում հաջողության հասած, լրջմիտ ու ձեռագիր ունեցող հայերին ողջ աշխարհից։ Սա, ինտելեկտուալների հարթակում կազմակերպված, արդեն որերորդ դասընթացն էր։
Այս անգամ այն վարեց Բարձր արդյունավետության կյանքի մարզիչ (Life Coach) Հովհաննես Հունանյանը՝ մասնակիցներին ներկայացնելով «Բարձր արդյունավետության 6 հենասյուները» եւ նաեւ իր կյանքի փորձը, որը ԱՄՆ-ում հեշտ չի եղել։ Հովհաննեսն այն մասնագետն է, որն օգնում է մարդկանց հասնել առավելագույն արդյունքների կյանքի տարբեր բնագավառներում։ Միջոցառման վայրն էլ պատահաբար չէր ընտրված, այն իր մեջ ուղերձ ու խորհուրդ ուներ։ Գեւորգի ստեղծած հարթակին նաեւ միացել են Արցախում մեծ հաջողությունների հասած, բայց իրենց հայրենիքից տեղահանված արցախցի մեր հայրենակիցները։
Կարդացեք նաև

«Ինտելեկտուալ հայերի համախմբումը մեկ միասնական հարթակում ոչ միայն օգտակար է, այլեւ կարելի է համարել ռազմավարական անհրաժեշտություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Լոս Անջելեսի շրջանի Հանրային սոցիալական ծառայությունների դեպարտամենտի աշխատակից Գեւորգ Մանուկյանը։ Գեւորգը մասնագիտությամբ իրավաբան է, այժմ նաեւ կյանքի մարզիչ է (Life Coach) ու Pan-Armenian Intellectuals Platform-ի ղեկավարը: Հարթակում առաջին դասընթացը Գեւորգն է վարել։ Ասում է՝ իր նպատակն է դասընթացների միջոցով նպաստել յուրաքանչյուր այն հայ անհատի ինքնակայացմանը, սեփական ես֊ի եւ արժանիքների գիտակցմանը, ով ցանկանում է լինել ինքնավստահ, հաջողակ, նյութապես եւ հոգեպես բավարարված, ինքնուրույն մտածող մարդ։
«Նոր փոփոխվող աշխարհում IQ-ն՝ ինտելեկտի գործակիցը դառնում է գրեթե անօգուտ, եթե չեք զարգացնում ձեր EQ-ն՝ էմոցիոնալ բանականությունը, որը վերաբերվում է անհատի հուզական ինտելեկտին` սեփական հույզերը, էներգետիկան հասկանալու, կառավարելու եւ ճիշտ ուղղությամբ ու հասցեական օգտագործելու, ինչպես նաեւ դրանք ուրիշների մեջ ճանաչելու ունակությանը»,-մեզ հետ զրույցում ասաց պարոն Մանուկյանը։
Նրա խոսքով, երբ այս տարվա սեպտեմբերին, գտնվելով Հայաստանում, դասընթաց է անցկացրել մեր հայրենակիցների համար, մեծ ոգեւորություն է նկատել։ Ասում է՝ «Կային կանայք, որոնք դասընթացից հետո ասում էին, որ այն իրենց կյանքում շրջադարձային փոփոխություն է արել, պոզիտիվ էներգիայով մոտիվացվել են։ Այսինքն՝ եթե Հայաստանում, որտեղ մարդկային շփումն այդքան շատ է, բայց նրանք, միեւնույն է, դրա կարիքն ունեն, ԱՄՆ-ում եւ ընդհանրապես սփյուռքում ապրող հայերը մի տասը անգամ ավելի շատ ունեն սրա կարիքը, քանի որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները բախվում են յուրահատուկ հոգեբանական եւ սոցիալական մարտահրավերների»։
Ըստ նրա, ԱՄՆ-ում հանրային կյանքը գրեթե բացակայում է, եւ, եթե մի քիչ ակտիվ է, ապա այդ ակտիվությունը կուսակցական միջավայրում է․ «Իսկ այն մարդը, որը չի ուզում քաղաքական ուղղվածության միջոցառումների մասնակցել, այդ մարդը չունի ինչ-որ մի տեղ որտեղ կարելի է հավաքվել, գաղափարակից ընկերների հանդիպել, որոնց հետ կարող է կիսվել՝ թեկուզ իր առօրյա խնդիրներով»։

Հենց այս միտքն էլ, ըստ Գեւորգ Մանուկյանի, ծնունդ է տվել համահայկական հարթակի ստեղծման գաղափարին։ Վերադառնալով ԱՄՆ՝ նա հրավիրել է տարբեր ոլորտներում իրենց գործում հաջողությունների հասած հայ մասնագետներին՝ հարթակի մաս կազմելու։ Ասում է՝ մասնավորապես՝ սփյուռքում հայերն ունեն երկմշակութային ինքնության բախում եւ Life coach-ն օգնում է մարդուն գտնել իր «ես»-ը այս երկու աշխարհների արանքում՝ առանց կորցնելու արմատները։ Համահայկական հարթակին արդեն իսկ միացել են ԱՄՆ-ից, Կանադայից, Հայաստանից, Լիբանանից, Հալեպից, եւ այլ երկրներից ու քաղաքներից։ Դասընթացները՝ իրավական, միգրացիայի, քաղաքացիության, ընտանեկան կոնֆլիկտային, կենցաղային, մոտիվացիոն թեմաներով են։
«Ցանկացած թեմա շատ հետաքրքիր քննարկում է դառնում։ Հարթակը սոցիալական ուսուցման միջավայր է։ Թրեյնինգներն այնքան հագեցած են լինում, որ հանդիպումից հետո մարդը կարծես թատրոնից կամ կինոյից դուրս եկած լինի։ Քանի որ հոգեւոր բավարարվածություն է ունենում։ Գաղափարն այնքանով է լավ, որ հնարավորություն է տալիս այդ ամենն անցկացնել առցանց ռեժիմում՝ զում միջավայրում, եւ անկախ մարդու գտնվելու վայրից, բոլորը համախմբվում են մի լսարանում»,-ասում է նախագծի հեղինակը՝ նշելով, որ այլ պայմաններում մեր հայրենակիցները դժվար թե հնարավորություն ունենային հաղորդակցվելու տվյալ մասնագետի հետ, իսկ հարթակն ապահովում է այդ հասանելիությունը։
Գեւորգի ներկայացմամբ, արդեն իսկ բազմաթիվ պրոֆեսիոնալ մասնագետներ են միացել մտավորականների այս հարթակին՝ բժիշկներ, արվեստի ներկայացուցիչներ, ԱՄՆ պետական մարմինների հայազգի աշխատակիցներ, Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի աշխատակազմի ղեկավարը, որը նույնպես մեր հայրենակիցն է։ Նրանք բոլորը, դառնալով հարթակի անդամ, ըստ մեր զրուցակցի, ունեն որոշակի առաքելություն՝ ինչպես վճարովի, այնպես էլ անվճար որոշակի գիտելիքներ, կարողություններ փոխանցելու մարդկանց։
Համահայկական հարթակը նաեւ ունի հայելային էֆեկտ եւ մասնակիցները տեսնում են, որ իրենց վախերը, դժվարություններն ու սթրեսները միայն իրենցը չէ։ Գեւորգի խոսքով, օրինակ՝ երբ ԱՄՆ-ում հաջողության հասած մի մասնագետ խոստովանում է իր դժվարությունների մասին, դա հսկայական մոտիվացիա է տալիս Հայաստանում կամ սփյուռքում գտնվող մարդուն, մասնագետին, որը նույնպես ներգաղթի, ինտեգրացիայի եւ այլ հարցերի հետ կապված խնդիրներ ունի իր ճանապարհին։
«Այն մեկն, ով հաղթահարել է, մյուսին ուժ տա, ոգեւորի, քաջալերի եւ ձեւերը ցույց տա՝ ինչպես կարելի է այդ խնդիրները հաղթահարել։ Մենք մարդկային էակ ենք եւ բոլորս ունենք կյանքի նույն խնդիրները, եւ, երբ մենք մենակ ենք մնում այդ ամենի հետ, դրանք կրկնապատկվում են։ Ինչը բերում է ինքնաքննադատության․մտածում ես՝ բոլորը լավ են ապրում, միայն ես եմ վատ ապրում, բոլորը հաջողակ են, միայն ես եմ անհաջողակ, բոլորը հարուստ են, ես աղքատ եմ ու արդեն սկսում ես ինքդ քեզ ու քո տեսակը մեղադրել։ Բայց, երբ դու սկսում ես շփվել թեկուզ թվացյալ քեզնից լավ ապրողի հետ, դու զգում ես, որ այդ մարդն այդ օրերն անցել է եւ սիրով քեզ հետ կիսվում է, թե դու ոնց կարող ես հաղթահարել այդ ամենը։ Եվ դու սկսում ես մարդկանց էլ սիրել եւ հույս ու հավատ ունենալ, որ քեզ մոտ էլ կստացվի»։
Հարթակում դասընթացները չեն վարում գիտական թեզերով ու ակադեմիական ոճով։ Գեւորգի խոսքով՝ պարզ, ինտերակտիվ հաղորդակցություն է մասնակիցների հետ, որոնք իրենց խնդիրները վստահում են դասընթացավարին․ «Իմ մատուցման ժամանակ մարդը կարողանում է այդ սահմանը խախտել, իր ներքին կյանքն ու խնդիրները վստահել եւ ես էլ կարողանում եմ նրա էներգետիկան վերցնել, հարստացնել եւ նրան վերադարձնել՝ ավելի բուժած եւ ավելի շտկած տեսքով եւ նա, ոգեւորված, լիցքավորված գնում է տուն»։
Գեւորգ Մանուկյանը 10 տարի աշխատել է դպրոցում որպես մանկավարժ, ապա՝ ՀՀ Արդարադատության ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններում՝ բաժնի պետ։ Նաեւ Երրորդ հանրապետության առաջին քաղաքական դպրոցի հիմնադիրն է։
Ասում է՝ կյանքի մարզչի հմտություններն իր մեջ բացահայտել է Սիրիայում, որտեղ ՀԲԸՄ-ի կողմից հրավիրված է եղել դասախոսական աշխատանքի։ Գեւորգը հասկացել է, որ հայկական ընտանիքներն, ապրելով արաբական միջավայրում, ավելի շատ ոչ թե դասախոսի այլ՝ դասընթացավարի կարիք ունեն․ «Այնտեղ շատ բարոյական նորմեր կային, որոնք շատ էին բախվում մարդու ներքին ցանկությունների հետ եւ դժվար էր հաղթահարել այդ փոխակերպումները։ Մարդիկ դժվար էին հաղթահարում տարիքային ճգնաժամը եւ այդ պատճառով ավելի շատ ե՛ւ հոգեբանի խնդիր կար ե՛ւ մոտիվացիայի։ Այդ ամենի կարիքն այնքան կար, որ իմ մասին տեղեկացան նաեւ հարեւան Լիբանանում։ Ինձ խնդրեցին շաբաթը մեկ անգամ այցելել Լիբանան եւ իրենց համար էլ դասընթացներ վարել։ Այդ ժամանակ ես 33 տարեկան էի»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ




















































Գևորգ Մանուկյանի հայրենանվեր տեսակը իր տարիների ձեռքբերած սեփական փորձի ու գիտելիքների հարուստ պաշարը առանց վերապահման ներ է դնում հայի տեսակը բարձրացնելու և ինտելեկտուալ հարթակում աշխարհին ցույց տալու, որ կա մի ազգ, որը ունի մեծ պոտենցիալ ներկայանալու որպես մտքի ու խելքի կրող։ Հարթակը նաև կապերի ստեղծման մեծ հնարավորություն ունի, որը մեր օրերում շատ կարևոր գործոն է և յուրաքանչյուր միացող կարող է իրեն ներկայացնել և գտնել իր համար լավ գործընկերներ։ Ողջունելի է Հայաստանում առաջին նման հնարավորություն ստեղծած Գևորգ Մանուկյանի գործը