«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀԵՆԱՍՅՈՒՆ 9․ Հարկը պետք է խթանի զարգացումը, ոչ թե տուգանի արտադրությունը
Հարկային համակարգը պարզապես բյուջե լցնելու մեխանիզմ չէ։ Այն տնտեսական մոդելի ձևավորմանը նպաստող գործիք է։
Հայաստանի գործող հարկային համակարգը կառուցված է հիմնականում սպառման և ներմուծման հարկման վրա։ Սա խորացնում է կախվածությունը ներմուծումից, թուլացնում տեղական արտադրությունը և բարձրացնում գնաճային ճնշումները։
Փոքր ու բաց տնտեսության համար սա փակուղային մոդել է։
Հարկը՝ արժանապատիվ պարտականություն, ոչ թե վարչարարական բեռ
Կարդացեք նաև
Նոր հարկային համակարգի գաղափարախոսությունը պարզ է․ հարկը, լինելով սահմանադրական հարկադրանք, այնուամենայնիվ, պետք է դառնա արտադրության, ներդրումների և արտահանմանը նպաստող արժանապատիվ պարտականություն։
Համակարգային առումով սա նշանակում է անուղղակի հարկերից անցում դեպի ուղղակի հարկեր, որտեղ հարկումը տեղափոխվում է ոչ թե սպառման, այլ արժեքի ստեղծման փուլ։
Արտադրություն և արտահանում՝ կանխատեսելի ռեժիմով
Արտադրական և արտահանող ոլորտների համար կսահմանվեն պարզ և կանխատեսելի հարկային կանոններ, իսկ սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ն կզրոյացվի կամ կհետաձգվի, ինչ վերաբերում է արտահանման և տեխնոլոգիական ներդրումների խթանմանն ուղղված ծախսերի ճանաչմանը, ապա դրանց պարագայում կսահմանվեն արտոնյալ և մեղմ հարկային իրավակարգավորումներ և վարչարարություն, արտադրող բիզնեսը պետք է կարողանա երկարաժամկետ պլանավորել։
Արդարություն՝ ոչ հայտարարությամբ, այլ կառուցվածքով
Նոր համակարգը ամրապնդում է սոցիալական արդարությունը պրոգրեսիվ եկամտային հարկի սահմանմամբ, շուկայական արժեքի հիման վրա գործող անշարժ գույքի հարկի համակարգի վերաիմաստավորմամբ, ինչպես նաև հավասար մրցակցային դաշտի ապահովմամբ։
Հարկային բեռը բաշխվում է ըստ իրական կարողության, ոչ ըստ վարչարարական հարմարության։
ԱԱՀ-ից դեպի պարզ հարկում
ԱԱՀ-ի փուլային դուրսբերումը և դրա փոխարինումը վաճառքի հարկով կնվազեցնի ինքնարժեքի շղթայական աճը, կթուլացնի գնաճային ճնշումները, կպարզեցնի վարչարարությունը՝ բարձրացնելով թափանցիկությունը։ Սա հատկապես կարևոր է փոքր ու միջին արտադրողների համար։
Ներդրումային խթաններ՝ տեխնոլոգիայի համար
Նոր համակարգում կներդրվեն R&D ծախսերի 30–50% վերադարձի կանոններ, իրական արագացված ամորտիզացիայի հնարավորություն, ինչպես նաև ներդրումային «հարկային վարկեր»։
Նպատակը՝ նվազեցնել ռիսկը և արագացնել տեխնոլոգիական թռիչքը։
Ինստիտուտներ՝ կանխատեսման տրամաբանությամբ
Հարկային վարչարարությունը կվերափոխվի։ Մասնավորապես, ՊԵԿ-ը կդառնա ռիսկերի իրական կառավարման և կանխատեսման մարմին՝ ամբողջական թվայնացմամբ և ավտոմատացմամբ։ Եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգն ամբողջովին կվերաիմաստավորվի՝ ծառայելով որպես իրական հարկային իրավագիտակցության հիմք։
Սա արմատապես կփոխի պետություն–քաղաքացի հարաբերության որակը։
«Միասնության Թևեր»-ի իններորդ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ սա է։ Հայաստանին պետք է նոր հարկային ճարտարապետություն, որը խթանում է արտադրությունը, պարգևատրում է ներդրումը և ապահովում է սոցիալական արդարություն։


















































