ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողը բռնություն է գործադրել անձի նկատմամբ:
Մասնավորապես՝ 2023 թվականի հուլիսի 1-ին Պ․Հ․-ն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ պարեկային ծառայողը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:
Պարեկային ծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Կարդացեք նաև
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

















































