«Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում: Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք եւ բավարար տեղումներով հունվար»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա հունվարը բաժանեց տասնօրյակների՝ պարզաբանելով, որ իրարամերժ ջերմաստիճաններ են սպասվում՝ հունվարի առաջին, երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում. «Հունվարի առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում գտնվելու է արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, ու հատկապես հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով: Արկտիկական ցուրտ օդային հոսանքները հանրապետությունում կմնան մինչեւ հունվարի 8-9-ը ներառյալ:
Հունվարի երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում հիմնականում հանրապետությունում կգերակշռեն հարավ արեւմուտքից, հարավից ներթափանցող արեւադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի երկրորդ տասնօրյակից՝ առաջին տասնօրյակի համեմատ նշանակալի կբարձրանա: Այսպիսով, եթե միջին տասնօրյակային ջերմաստիճանը ներկայացնենք ըստ տասնօրյակների, ստացվում է, որ առաջին տասնօրյակը կլինի մի փոքր սառը՝ նորմայից ցածր 1-2 աստիճանով, բայց հունվարի երկրորդ եւ երրորդ տասնօրյակին բարձր կլինի 1-2 աստիճանով»:
Ինչ վերաբերվում է գիշերային ժամերին սպասվող ջերմաստիճանին, ըստ Գագիկ Սուրենյանի. «Շիրակում հունվարի առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչեւ մինուս 25-30 աստիճանով, Կոտայքի լեռնային գոտիներում՝ 20-25 աստիճան ցուրտ կլինի, Կոտայքի նախալեռներում՝ ջերմաստիճանը կհասնի մինուս 14-ից մինուս 17-ի, Գեղարքունիքում մինուս 20-25-ի, Լոռիում մինուս 17-20-ի, Տավուշի նախալեռնային հատվածներում՝ մինուս 14-18-ի, Տավուշի ցածրադիր գոտում՝ մինուս 12-16-ի:
Կարդացեք նաև
Բավականին ցածր ջերմաստիճան կգրանցվի Արագածոտնի լեռնային գոտիներում՝ մինուս 24-27: Արագածոտնի նախալեռնային հատվածում սպասվում է մինուս 14-18 աստիճան ցուրտ, Արարատի նախալեռներում օդի ջերմաստիճանը կիջնի մինուս 14-17, Արարատի ցածրադիր գոտիներում՝ մինուս 12-16, Արմավիրի մարզում՝ մինուս 12-16: Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է մինուս 20-23 աստիճան ցուրտ, Վայոց ձորի նախալեռներում մինուս 12-16 աստիճան: Սյունիքի լեռնային գոտիներում՝ մինուս 20-25 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝ մինուս 17-20 եւ Սյունիքի հովիտներում՝ մինուս 11-15 աստիճան սառնամանիք: Երեւանում նվազագույն ջերմաստիճանը հունվարի առաջին տասնօրյակում կանխատեսվում է մինուս 15-17 աստիճան»:
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































