Լրահոս
Օրվա լրահոսը

35 տարի անց «Ձյունե թագուհին» վերադարձավ. օպերային թատրոնի խաղացանկը հարստացավ մանուկների և պատանիների համար նախատեսված ևս մեկ հրաշալի բեմադրությամբ

Դեկտեմբեր 29,2025 16:42

Տարեմուտին, երբ բոլորը՝ մեծահասակ թե պստիկ, սպասում են Ամանորի հրաշքներին՝ Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» երկու գործողությամբ բալետի պրեմիերան՝ տոնական տրամադրություն ստեղծելով թե՛ թատրոնում և թե՛ թատրոնի հանդիսատեսի հոգում, ի դեպ այս տեսակետից՝ Մանսուրյանի «Ձյունե թագուհին»  ընկալվեց որպես հայկական «Щелкунчик»՝ երջանիկ ավարտով հեքիաթի բալետային մարմնավորում:

Aravot.am-ը ներկայացումը դիտում էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժ/պ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հարևանությամբ: Մինչ ներկայացման սկիզբը՝ տկն. Ասատրյանը մեզ տեղեկացրեց. «Ամեն ինչ սկսվել էր դեռևս 40 տարի առաջ, երբ 1985 թվականին Տիգրան Մանսուրյանը սկսեց աշխատանքը «Ձյունե թագուհին» բալետի վրա, որն ավարտեց 1988-ին: Երկու գործողությամբ և վեց պատկերով բալետի լիբրետոն, ըստ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի, կազմել էր Վիլեն Գալստյանը: Ճիշտ 35 տարի առաջ՝ 1990 թ. նոյեմբերի 29-ին, բալետը բեմադրվեց Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում. դիրիժոր՝ Հակոբ Ոսկանյան, բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան: Զարմանալիորեն՝ առանձնապես շատ չեն Անդերսենի հանրահայտ «Ձյունե թագուհին» հեքիաթի օպերային և բալետային մարմնավորումները: Նշենք «Ձյունե թագուհին» օպերան (1979)՝ Սերգեյ Բանևիչի «Կայի և Գերդայի պատմությունը» բեմադրությունը, որը դառնալով հիթ՝ հաճախ է ներկայացվում Նոր տարվա շեմին։ Հիշենք նաև ժամանակակից ֆինն կոմպոզիտոր Տուոմաս Կանտելինենի «Ձյունե թագուհին» երկու գործողությամբ բալետը, որի պրեմիերան՝ Քենեթ Գրեվեի խորեոգրաֆիայով և հեղինակի երաժշտական ղեկավարությամբ, տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 23-ին՝ Ֆինլանդիայի ազգային օպերայի բեմում և նվիրվել Ֆինլանդիայի ազգային բալետի 90-ամյակին։ Ինչ խոսք՝ Մանսուրյանի «Ձյունե թագուհու» երևանյան բեմադրությունը, որն իրականություն դարձավ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ՝ Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի և հրավիրյալ մասնագետների նվիրական ջանքերով, դարձավ նշանավոր իրադարձություն՝ ներկայացնելով հավերժական հեքիաթի թարմ ու հայկական մեկնաբանությունը»:

Մեր զրուցակցին խնդրեցինք մանրամասնորեն հայտնել իր կարծիքը երաժշտության և բալետային խմբի մեկնաբանությունների առիթով:

«Մաեստրո Կարեն Դուրգարյանի վիրտուոզ երաժշտական ղեկավարությամբ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանությամբ Մանսուրյանի լուսավոր ու հեքիաթային երաժշտությունը ստեղծեց ներկայացման կախարդական մթնոլորտը, իսկ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունի ինքնատիպ խորեոգրաֆիան (բեմադրող բալետմայստերի օգնական՝ Եվգենիա Կոստիլևա)՝ ժամանակակից լուծումներով, նկարիչ Եկատերինա Ջագարովայի գունեղ բեմանկարչությունն ու Ստեֆանի Ասատրյանի ստեղծած վառ գունավոր զգեստները հանդիսատեսին տեղափոխեցին Գերդայի և Կայի աշխարհը՝ պատմելով սիրո, ընկերության և բարու ու չարի հակամարտության մասին»,- հայտնեց տիկին Ասատրյանը, հետո շարունակեց. «Այս ամենի շնորհիվ ներկայացումը գրավիչ է բոլոր տարիքների հանդիսատեսի համար։ Բեմադրության հաջողությանը մեծապես նպաստեց բալետային խմբի և մենակատարների փայլուն ելույթները (պարուսույց՝ Կարեն Մարտիրոսյան):

Գարեգին Բաբելյան-Կայի կերպարը բալետի ընթացքում մեծ զարգացում ապրեց: Բալետի սկզբում Կայը սովորական տղա է՝ բարի, արձագանքող, ուրախ, ընկերություն անելու ունակ, իսկ երբ Ձյունե թագուհին համբուրում է նրան, Կայի սիրտը սառչում է, և նա դառնում է բոլորովին այլ մարդ։ Նա աշխարհին այլ կերպ է  նայում․ ամեն ինչ նրան նյարդայնացնում է, նա երես է թեքում հարազատներից և ընկերներից։ Ձյունե թագուհու պալատում Կայը լիովին անտարբեր մարդ է։ Եվ միայն Գերդայի սերն է հալեցնում նրա սիրտը։ Իր առջև դրված հիմնական խնդիրը՝ Կայի զգացմունքային կերպարի զարգացումը, Բաբելյանը կատարեց փայլուն:

Քսենյա Անդրեենկոն կերտեց Գերդայի՝ անձնվիրական, քաջ և շատ բաց սիրտ ունեցող աղջկա կերպարը։ Նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում նրա հերոսուհուն առաջնորդում է անկեղծությունը, որի միջոցով նա հմայում է սյուժետային հակառակորդներին և դարձնում նրանց դաշնակիցներ։ Նա ոչ մի վայրկյան չի կորցնում Կային գտնելու իր հավատը։ Ամենադժվար փորձությունը սպասում է հերոսուհուն ճանապարհի վերջում․ նա միայնակ դիմակայում է Ձյունե թագուհու սառցե բանակին և Կային վերադարձնում իրական կյանք, այն մարդկային զգացմունքներին, որոնք նա նախկինում ուներ։ Եվ այս փոքրիկ աղջիկը պատվով հաղթահարում է ամեն ինչ։ Քսենյա Անդրեենկո-Գերդան ներկայացավ որպես անշահախնդիր ընկերության և սիրո օրինակ․ նա նույնիսկ չի մտածում իր մասին, որովհետև նրա բոլոր գործողությունները ենթարկվում են սրտի կանչին։

Ճապոնուհի Կանա Սեմբան ստեղծեց Ձյունե թագուհու՝ հպարտ, սառը և  գեղեցիկ կախարդուհու կերպարը։ Նա միայնակ է։ Տեսնելով երջանիկ Կային և Գերդային՝ Ձյունե թագուհին ցանկացավ ինքն էլ զգալ մարդկային զգացմունքներ և, հնարավոր է, հենց այդ պատճառով էլ տարավ Կային։ Բայց քանի որ Ձյունե թագուհին ներսից սառն է ու դատարկ, նա չկարողացավ սիրել նրան։ Իսկ Կայը նրա կողքին դարձավ նույնքան սառն ու անզգա։

 

Իրենց վառ խառակտերային դերակատարումներով առանձնացան Համլետ Զաքարյան – Տրոլը, Վիկտորյա Սարգսյան – Տատիկը, Հասմիկ Ոսկանյան – Ավազակուհին, Նարե Մարոսյան – Արքայադուստրը, Վարդան Վարդանյան – Արքայազնը, Նիկիտա Յակիմչուկ – Մայր ավազակը, Ագռավներ Անահիտ Վասիլյանն ու Միլիտոն Կիրակոսյանը, Գարիկ Ավետիսյան – Եղնիկը և այլք:

Բեմադրության կարևոր առանձնահատկություններից մեկն, ըստ իս, դասական բալետի և ժամանակակից վիզուալ լուծումների համադրությունն էր (Սամվել Մալերյանի լուսային ձևավորումը): Օպերային թատրոնի խաղացանկը հարստացավ մանուկների և պատանիների համար նախատեսված ևս մեկ հրաշալի բեմադրությամբ:

Գաղտնիք չէ, որ մեզանում ընդունված է հեքիաթը համարել երեխաներին հասցեագրված գրական ժանր: Մինչդեռ, իմ խորին համոզմամբ, մարդը հեքիաթին անդրադառնում է իր ողջ կյանքի ընթացքում, բնականաբար՝ յուրաքանչյուր տարիքում միևնույն հեքիաթն ընկալում ես յուրովի՝ բացահայտում նորանոր շերտեր և նրանում պարունակվող նորանոր ուղերձներ: Չէ՞ որ հեքիաթում խտացած է ժողովրդական իմաստնությունը: Եվ էլ ուրիշ որտե՞ղ, եթե ոչ հեքիաթում, կտեսնես մարդու ամենահանդուգն երազանքների իրականացումը՝ երջանկության, արդարության, հաղթանակի, մարդկային հանճարի մեծագույն փայլատակումների մասին: Եվ պատահական չէ, որ Տիգրան Չուխաճյանն իր վերջին՝ վեցերորդ, օպերայում՝ «Զեմիրե» օպերա-կախարդապատկերում, նույնպես անդրադարձավ հեքիաթին, իսկ Մարտիրոս Սարյանի կարապի երգը դարձավ «Հեքիաթը»: Կախարդական հեքիաթն արտահայտում է ժողովրդի դարավոր իղձերը, նրա հավատը բարու և արդարության հաղթանակի հանդեպ: Հեքիաթը կապվում է ներդաշնակ ու արդար աշխարհի մասին ժողովրդի պատկերացումների հետ: Հեքիաթը վեհացնում է մարդկային ոգին, մարմնավորում նրա երազանքները, ներշնչում հավատ և լավատեսություն: Բացառություն չեն նաև Անդերսենի հեքիաթն ու Մանսուրյանի մեկնաբանությունը»:

Ռեպլիկին՝ Անդերսենի հեքիաթների հիման վրա կան գրված նաև այլ ստեղծագործություններ, տիկին Ասատրյանը պատասխանեց. «Այո, Անդերսենի հեքիաթի հիմնական գաղափարը սիրո և բարեկամության անսահման ուժն է, որի առաջ չկա որևէ խոչընդոտ, և որը կարող է դիմակայել ցանկացած կախարդանքի։ Գերդայի սիրո ուժը նրան օգնեց հաղթահարել նույնիսկ ամենաբարդ փորձությունները, անել անհնարինը՝ Կային փրկելու ճանապարհին և անգամ հալեցնել նրա սրտում սառույցը, իսկ Մանսուրյանի բալետում Ձյունե թագուհին հալվում է՝ չկարողանալով դիմադրել երեխաների անկեղծ ջերմությանը: Ծագում է արևը՝ ջերմացնելով սառնաշունչ հեռավոր եզերքները: Աշխարհը լցվում է պայծառ գույներով, և բոլորը դարձյալ երջանիկ են:Ահավասիկ սա է բալետի գլխավոր ուղերձը՝ սեր և ջերմություն, ինչի պակասն այսօր առավել, քան զգացվում է մեր հասարակության մեջ»:

Իմիջիայլոց, երբ Եվգենի Կովտունը 2021թ. Երևանում բեմադրում էր Չայկովսկու «Щелкунчик»-ը, նրան կեսկատակ-կեսլուրջ տեղեկացրինք, թե մենք էլ ունենք մեր «Щелкунчик»-ը, նկատի ունենալով Մանսուրյանի  «Ձյունե թագուհին», որը 1990-ականների սկզբներին բեմադրել է անվանի խորեոգրաֆ Վիլեն Գալստյանը: Սակայն մասնագետների որակմամբ այդ հիանալի բեմադրությունը խաղացանկից դուրս է մնացել, քանի որ 1990-ականները մեղմ ասած անմշակույթ ժամանակահատված էր հայերիս համար: Այդ հանդիպմանը Կովտունը մեզ ասաց, թե ինքը ընդամենը լսել է տաղանդավոր հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտության մասին և կցանկանար, եթե, իհարկե, լինի հրավեր, մեծ սիրով բեմական մարմնավորում կտար «Ձյունե թագուհուն»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 Լուսանկարները՝ «Ձյունե թագուհին» ներկայացման պրեմիերայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031