Լրահոս
Օրվա լրահոսը

Որ արցախցին մնա հայրենիքում

Դեկտեմբեր 30,2025 10:55

Դեռևս 1995 թվականից սկսած՝ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ը (ԳՄՔԲԸՀ) մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը ծավալուն աջակցություն էր ցուցաբերում Քաշաթաղի շրջանում բնակվող բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև՝ սոցիալապես անապահովներին։ Տարիներ շարունակ, նաև այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի բուհերում սովորող բազում ուսանողների ուսման վարձն է հոգացել ամբողջական կամ մասնակի, աջակցել է շատ հեղինակների գրքեր տպագրելուն։

44-օրյա պատերազմից հետո, քանի կար Արցախի մնացած հատվածը, հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները, հաճախ էին այցելում Արցախ և նյութական աջակցություն ցուցաբերում, կենցաղային տեխնիկա հատկացնում Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում դեռևս բնակվող քաշաթաղցիներին, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի բնակչությանը, ինչպես նաև՝ Ստեփանակերտում և շրջաններում բնակվող բազմազավակ, կարիքավոր ընտանիքներին։

2023թ․ սեպտեմբերյան բռնի գաղթից հետո հիմնադրամն արդեն աջակցում է ՀՀ տարբեր մարզերում և Երևանում բնակվող արցախցի հարյուրավոր բազմազավակ ընտանիքներին։ ԳՄՔԲԸՀ-ի կատարած աշխատանքը բարձր է գնահատել նաև միջազգային ճանաչում ունեցող կանադական «Գլոբալ Մեդիկ» ընկերությունը, որն արդեն երկրորդ տարին է՝ համագործակցում է հիմնադրամի հետ։

2025թ․ հունվարից սկսած, ամբողջ տարվա ընթացքում Երևան են ժամանել նաև «Գլոբալ Մեդիկ»-ի կամավորները և ԳՄՔԲԸՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների, գործադիր տնօրենի հետ մասնակից եղել բազմազավակ կարիքավոր ընտանիքներին հիմնականում սնունդ, նաև հագուստ հատկացնելուն։ Այցելություններ են լինում նաև հեռավոր մարզեր։ Դեկտեմբերի կեսերին դարձյալ «Գլոբալ Մեդիկ»-ի կամավորները Երևանում էին և Գ․ Մելիքյանի, հոգաբարձուների խորհրդի անդամների հետ եղան Արագածոտնի մարզում, այցելեցին Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին և եկեղեցի, ծանոթանալով հայոց եկեղեցու պատմությանը։ Այցելեցին Ոսկեվազի գինու գործարան, ծանոթացան հայկական գինեգործության պատմությանը։

Աջակցություն տրամադրվեց Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում բնակություն հաստատած Արցախից բռնագաղթված հիմնադրամի շահառուներին։ Դեկտեմբեր ամսին արդեն երկրորդ անգամ շահառուները՝ ավելի քան 70 ընտանիք, ստացան նախատոնական աջակցություն հիմնադրամի կողմից։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031