Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում եմ այն գործարարներին, որոնք անազնիվ են աշխատում և խնդիրներ ունեն օրենքի հետ. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա Հակոբյան

Դեկտեմբեր 30,2025 14:53

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողակցի՝ Աննա Հակոբյանի, ֆեյսբուքյան գրառումը

Վերջապես ժամանակ ունեցա և աչքի անցկացրի «Իմ քայլը» հիմնադրամի և իմ գործունեության վերաբերյալ մեդիամոնիթորինգը։ Եվ ա՜յ քեզ զարմանք։ Պարզվում է` իմ և «88» սուպերմարկետների ցանցի կապի մասին թեման փակվելուց հետո հիմա էլ «Red Store» խանութների ցանցի շուրջ է սկանդալ ծագել։ Եվ ո՞վ է այն իդեալական անձը, ում անվան շուրջ պետք է պտտվի այդ սկանդալը, իհա՜րկե` «Աննա Հակոբյանը»։ Ինչո՞ւ, որովհետև այս խանութի սեփականատերն իր նախաձեռնությամբ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում բանախոսել է «Իմ քայլը» հիմնադրամի այն շահառուների համար, ովքեր առաջին քայլերն են անում բիզնեսի ոլորտում։ Բանախոսության ընթացքում սույն երիտասարդն, իհարկե, ոչինչ չասաց օրենքները շրջանցելու, ստվերային շրջանառության ձևերի, թերհայտարարագրումների, այլ անունով գործունեություն ծավալելու «օգուտների» և բազմաթիվ այլ մեքենայությունների մասին։

Նա շատ ոգևորությամբ խոսեց հետհեղափոխական Հայաստանում սեփական արդար քրտինքով բիզնես վարելու և եկամուտը մի քանի անգամ մեծացնելու հնարավորությունների մասին. մի բան, որ անհնար էր մինչհեղափոխական Հայաստանում։

Մի խոսքով` նորմալ բանախոսություն։

Բայց պարզվում է, որ այս երիտասարդը նույնպես տառապում է «մի բան ասել, մեկ այլ բան անել» ախտով և 2024 թվականից խնդիրներ ունի օրենքի հետ, որովհետև թաքցրել է իր տնտեսական գործունեության իրական ծավալները և այլն։

Հետո եղավ Կառավարության հայտնի նիստը, խանութները փակվեցին, հետո բացվեցին, և այս պրոցեսներում ինձ հերթական անգամ վերագրվեցին դերակատարություններ միայն այն պատճառով, որ նշված անձը բանախոսել է մեր շահառուների համար, կամ նշված ընկերությունը նվիրատվություն է կատարել «Իմ քայլը» հիմնադրամին։ Այս առիթով ուզում եմ մեկընդմիշտ տեղեկացնել, որ մենք չենք տիրապետում գործիքների, որոնցով կկարողանանք ստուգել՝ արդյո՞ք տվյալ բիզնեսը խնդիրներ ունի օրենքի հետ, թե՞ ոչ, ապա նոր միայն նվիրատվություն ընդունենք դրանից։ (Նույն տրամաբանությամբ, կարծում եմ, վարչապետի աշխատակազմն էլ գնումներից առաջ հետաքննություն չի անցկացրել այս խանութի՝ օրենքի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ)։

Հետհեղափոխական Հայաստանում ազնվությունը դեռևս նորաձև չէ և ոչ էլ` վարակիչ, և առավել ևս, կյանքի ու աշխատանքի ոճ չէ։ Եվ այնուամենայնիվ, դիմում եմ Հայաստանի այն գործարարներին, որոնք անազնիվ են աշխատում և խնդիրներ ունեն օրենքի հետ. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից, նվիրատվություն մի՛ փոխանցեք մեր ծրագրերին։

Եթե նույնիսկ ինձնից նման խնդրանք ստանաք, հիշե՛ք, որ ես չգիտեմ, որ դուք անազնիվ եք աշխատում, չեմ կարող կանխատեսել` ինչ թարմ «թակարդ» եք լարել իմ շուրջ նոր սկանդալ պայթեցնելու համար։ Իսկ դուք գիտեք, որ օրենքի հետ խնդիր ունեք, անբարեխիղճ և անազնիվ եք, ուստի լավություն արե՛ք՝ մերժե՛ք մեզ։

«Իմ քայլը» հիմնադրամի սիրելի՛ շահառուներ, որ մեր աջակցությամբ առաջին քայլերն եք կատարում բիզնեսի դաշտում, սա բանախոսություն չէ, և ես էլ, առավել ևս, բանախոս չեմ, բայց մի բան հստակ գիտեմ՝ բիզնեսում էլ, ինչպես որ կյանքում, ամենաբարձր գին ունեցող բաժնետոմսը ազնվությունն է։ Ազնվությունն է, որ ձեզ կբերի հաղթանակներ, և հակառակը՝ անազնվությունն է, որ ձեզ կտապալի, անխուսափելիորեն կտապալի օրերից մի օր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031