«Հավաստիացնում եմ, որ այս գործը դատական վախճան չի ունենալու, մեղադրական դատական ակտ չի կարող այս գործն ունենալ, քանի որ չկան կատարված հանցագործություններ։ «Հայրենիքը» որևէ լումա ընտրակաշառքի տեսքով չի բաժանել, ու նման ապացույցներ չկան ու չեն էլ կարող լինել», – Հակակոռուպցիոն դատարանի բակում «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ ինչո՞ւ են հետապնդում «Հայրենիք» կուսակցության անդամներին, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Դա այս իշխանությունների սովորական գործելաոճն է։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած քաղաքացի պաշտպանված չէ, որ ինչ-որ մի օր իշխանությունները որոշում չեն կայացնի և նրան մի շինծու գործով չեն ձերբակալի։ Դա հերթական զավեշտալի քրեական վարույթն է, որը որևէ հիմք չունի և չի կարող ունենալ։ Սա ահազանգ պետք է լինի բոլոր ընդդիմադիր ուժերի համար․ սրանով նրանք ճանապարհ են հարթում առաջիկա համապետական ընտրություններին մրցակիցներին շինծու գործերով կալանավորելու, ձերբակալելու, վախեցնելու, քաղաքական գործունեությունը խաթարելու համար»։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանը և Արամ Քոչարյանը ձերբակալվել են ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Կարդացեք նաև
Այս առիթով Արթուր Վանեցյանը շեշտեց, որ եթե պարզվի՝ օրինակ՝ այդ ենթադրյալ հանցագործությունը եղել է նոյեմբերի 16, 17, 18-ին, ու տվյալներ են ստացել իրավապահները և տվյալների իրացումն արել են մեկուկես ամիս ուշացումով, դա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի իրավապահ մարմինների անգործության համար։ Նա վստահեցրեց՝ Խաչիկ Գալստյանի բնակարանի խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել․ «Ոչ մի արգելված բան չի գտնվել, ինչպես միշտ առգրավել են հեռախոսները։ Որևէ անօրինական բան ոչ Արամ Քոչարյանը, ոչ Խաչիկ Գալստյանը չեն արել»։
Լրագրողների դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն, այսպիսով` փորձում է ճնշե՞լ իրեն, Արթուր Վանեցյանն այսպես արձագանքեց․ «Նիկոլ Փաշինյանը շատ բան կարող է ուզել․ ինձ ճնշելն անհնար է»։
Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































