«Սպասելի էր, որ այս իշխանությունները այս ընտրական նախապատրաստական աշխատանքներում լայնածավալ բռնությունների արշավ են սկսելու»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանը և Արամ Քոչարյանը ձերբակալվել են ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Նրա կարծիքով՝ Եվրոպան քարտ բլանշ է տվել այս իշխանություններին․ «Ամեն ինչ անելու են Եվրոպան, Թուրքիան և Ադրբեջանն այս իշխանությունների վերարտադրման համար։ Բայց պետք է մարդիկ հասկանան, որ այս ամենն արվելու է ոչ թե ի շահ, այլ ի հեճուկս հայ ժողովրդի, որ ՀՀ-ում կարողանան նշանակել օկուպացիոն վարչակազմ»
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն փաստին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Իբր ներկայացնում են, թե կարևոր ձեռքբերում է ունեցել իշխանությունը։ Մարդիկ պետք է հասկանան, որ խաբում են, որ Թուրքիայի հետ իբր համաձայնությունը լոկ Թուրքիայի շահերի սպասարկում է, և Թուրքիան խորհրդանշական մի ժեստ արեց, որ այստեղ Նիկոլ Փաշինյանը հպարտանա, թե տեսեք՝ թուրքերի հետ հարաբերությունները կարգավորվում են»։
Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































