Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է
«2025 թվականը հայ ժողովուրդը ավարտում է «հոգևոր պատերազմի» և աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների պայմաններում, որտեղ մի կողմից առկա է կառավարող ռեժիմի արշավանքը ազգային արժեքների ու եկեղեցու դեմ, իսկ մյուս կողմից՝ քրիստոնեության ու ազգային դիմադրողականության վերածնունդը:
Ցավոք պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմին հաջողվել է աշխարհաքաղաքական ներկա դասավորությունների պայմաններում հայկական շահերի անընդհատ զիջումների գնով ստանալ արտաքին ուժերի աջակցությունը և պահպանել իր աթոռը։
Ավելին, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցաբար խաղաղության բեմականացմամբ, ինչպես նաև իբր Հայաստանի դեմ Ռուսաստանի վարած հիբրիդային պատերազմին դիմադրելու զավեշտալի նարատիվների տարածմամբ ռեժիմը արտաքին աջակցությունը ամրապնդելով պարարտ հող է նախապատրաստում 2026 թվականին իր վերարտադրության համար։
Կարդացեք նաև
Ի հեճուկս վերոնշյալ հանգամանքների՝ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը վճռական է 2026 թվականին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու և թշնամու օրակարգը սպասարկելու համար պատասխանատվության ենթարկելու հարցում։
Չնայած կոլաբորացիոն կառավարության կողմից շարունակվող պետական բռնությունների ահագնացող ալիքին, արտաքին իրական և հասունացած սպառնալիքները թաքցնելուն, ներսում հասարակությունը բաժանելուն, հոգևոր ծեսերը խաթարելու հրապարակային կոչերին, Հայ Առաքելական եկեղեցին պառակտելուն ուղղված քայլերին, քաղաքացիական պատերազմ հրահրելուն միտված գործողություններին՝ հայ ժողովրդի ինքնության և հոգևոր արժեքների դեմ վարած պատերազմը կամա թե ակամա արթնացնում է հասարակության դիմադրության ընդունակ հատվածին՝ ծառայության դնելով հայության նյութական ամբողջ ռեսուրսը դիմադրական գործողություններում։
Բևեռի գաղափարակիցները պետք է հստակ գիտակցեն և քաջալերվեն այն հանգամանքով, որ այս պայքարում մենք միայնակ չենք և ի հեճուկս հայության ներսում առկա գաղափարական և քաղաքական բազմաթիվ հակասությունների՝ քրիստոնեական ինքնությունը և Հայ Առաքելական Եկեղեցին ամբողջ հայ ժողովրդի հոգևոր հարստությունն են և դրանց պաշտպանության համար առկա ռեսուրսները համեմատելի են անգամ գործող ռեժիմի ռեսուրսների հետ։
Հայության առաջ կանգնած մարտահրավերները վաղուց դուրս են բացառապես քաղաքական, տնտեսական կամ անվտանգային լինելուց: Դրանք առանց չափազանցության քաղաքակրթական մարտահրավերներ են, և հետևաբար, մեր շարժումը դրանց լուծումները գտնելու է բացառապես քաղաքակրթական հարթության մեջ։
Դա նշանակում է դուրս գալ դասական քաղաքական լուծումների կաղապարներից և պատրաստ լինել ամենահամարձակ լուծումների՝ ծառայեցնելու համար առկա նյութական ռեսուրսները հայության պահպանության և հոգևոր վերածննդի խնդիրներին։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը 2026 թվականի ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում շարունակելու է այս տեսլականով ավելացնել հայության դիմադրական ռեսուրսը՝ իր հույսը դնելով հազարամյակների ընթացքում հայության ներքին վերափոխման և բարեփոխման աստվածատուր շնորհի ուժի վրա՝ ստեղծելով նոր կամուրջներ և համագործակցություններ՝ միավորելու հայությանը և ծառայելու հայ ժողովրդի հավերժ ընթացքին։
Խոնարհվում ենք իրենց կյանքերը հայրենիքի համար զոհած մեր հերոսների առջև»:
30 Դեկտեմբեր, 2025 թ.


















































