Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը. Factor

Դեկտեմբեր 31,2025 10:34

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) հետ համագործակցած անձանց ցանկը։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից հրաժարվել են տրամադրել ցանկը, թեև ընդամենը տասն օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Civic.am կայքի հարցմանն ի պատասխան՝ տրամադրել են տեղեկություն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը համագործակցել է ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի (КГБ) հետ։

Այսպես՝ դեկտեմբերի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Civic.am կայքը հրապարակում է կատարել այն մասին, որ ԱԱԾ-ում առկա տվյալների համաձայն՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ։ Լրատվամիջոցը գրավոր հարցմանն ի պատասխան էր ԱԱԾ-ից ստացել այս տեղեկությունը։

Բացի այդ, ԱԱԾ-ից իշխանության լրատվամիջոցին փոխանցել էին, որ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայում կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ ՀՀ անվտանգությանը և շահերին։

Նկատի ունենալով, որ իշխանությանը պատկանող լրատվամիջոցին տրամադրվել է Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ենթադրյալ համագործակցության վերաբերյալ տեղեկությունը, Factor TV-ին գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ՝ հայցելով ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի հետ երբևէ համագործակցած անձանց ցանկը, որոնց համագործակցության վերաբերյալ տեղեկությունը գաղտնազերծված է:

Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել են հետևյալը. «Ձեր հարցման 1, 2, 3, 4, 5, 6, 11 կետերին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Ազգային անվտանգության մարմինների գործունեության և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի համաձայն՝ դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմանիշ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով չեն կարող տրամադրվել։

Այսինքն՝ ԱԱԾ-ն հրաժարվել է տրամադրել ԽՍՀՄ ՊԱԿ-ի և ԱԱԾ-ի հետ նախկինում համագործակցած անձանց ցանկը, ինչպես նաև չի հայտնել, թե Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ո՞ր պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ է շարունակում կապեր պահպանել:

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ԱԱԾ-ն նման օրենսդրական կարգավորումների պայմաններում տրամադրել Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ենթադրյալ համագործակցության վերաբերյալ տեղեկությունները և ի՞նչ նպատակ է հետապնդում այդ հրապարակումը:

Արաքս Մամուլյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031