Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ մի տվեք, որ երբևէ կրկին բաժանումներ հրահրեն մեր ընտանիքներում, մեր Սուրբ Եկեղեցում և մեր Հայրենիքում․ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

Դեկտեմբեր 31,2025 14:22

Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ

Սիրելի՛ հավատացյալներ ի Հայրենիս և ի Սփյուռս Աշխարհի, Տարեմուտի հոգեշող այս պահին, երբ մեր սրտերն ու հոգիները փորձում են ջերմանալ Ամանորյա և Սուրբ Ծննդյան ուրախ զգացումներով, Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատացյալներին և հատկապես Տավուշի սխրագործ և քաջ ժողովրդին Տիրախնամ մեր թեմից հղում ենք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան լուսաշող շնորհավորանքները։

Գալիքի լուսավոր տեսիլքով, հավատով, հույսով և սիրով ենք մուտք գործում 2026 թվական։ Տիրոջ ողորմածությամբ և սիրով, միաբանության մեր աղոթքներով, անխախտ միասնությամբ և հավատավոր մեր աղոթող ժողովրդի հետ համախմբվածությամբ կարողացանք անսասան պահել Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին։ Հաստատուն հույս ունենք, որ նախորդ՝ 2025թ․-ին պատահած բազում փորձությունների հետևանքով հավատավոր մեր ժողովրդի ձեռք բերած հոգևոր վերքերը ոչ թե պիտի սպիանան, այլ իսպառ բժշկվեն՝ Քրիստոսավանդ պատգամների, հայի աստվածապարգև նվիրումի և սիրո արդյունքում՝ Միածնաէջ Իջման Սուրբ Սեղանից բխող օրհնությամբ։

Խռովված մտքով և հոգով չպիտի մնանք Հայոց երկնակամարի տակ, այլ, հակառակ այս բոլորին, Բեթղեհեմի անշուք մսուրի մեջ ծնված և մեզ փրկության ճանապարհն անցկացնող Քրիստոսն ինչպես կա, այսօր ևս կմնա մեր միակ հույսը և խաղաղությունը։ Եվ ահա, գոտեպնդված Աստվածհայտնության տոնի խորհրդով, անհուն վստահությամբ ի լուր համայն հայության և աշխարհի օրհնաբանում ենք՝ «Փառք Բարձրյալ Աստծուն, խաղաղությո՜ւն երկրի վրա և հաճությո՜ւն մարդկանց մեջ» (Ղուկ․ Բ․ 14)։

Սիրելի տավուշեցիներ, մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ այս 2026 թվականը լինի Համազգային համերաշխության, միասնության, ներողամտության և սիրո տարի։ Պետք է միշտ հիշենք, որ հայը հային թշնամի չէ և չի կարող լինել՝ անկախ որևէ անձի կամ կառույցի սխալ ընթացքից։ Թույլ մի տվեք, որ երբևէ կրկին բաժանումներ հրահրեն մեր ընտանիքներում, մեր Սուրբ Եկեղեցում և մեր Հայրենիքում։ Մենք քույրեր և եղբայրներ ենք ի Քրիստոս ոչ թե ժամանակի մեջ, այլ անժամանակ։

Ի Քրիստոս ձեռք բերած խաղաղությամբ էլ մեր աղոթքն ու խնդրանքն ենք առաքում առ Բարեգութ Աստված, որպեսզի մարդեղացյալ Փրկիչն Իր լույսի և իմաստնության ներքո պահի-պահպանի մեր սիրելի տավուշեցիներին՝ պարգևելով քաջառողջություն, երկար տարիների կյանք և անսահման սեր առ մեր Սուրբ Եկեղեցին և մեր Սուրբ Հայրենիքը՝ ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի բարօրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ի շինություն Հայաստան աշխարհի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՎ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ»

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031