«Առավոտի» սիրելի՛ ընթերցողներ,
2025 թվականը մեզ համար դարձավ մի տարի, որը դժվար էր շրջանցել առանց հարցեր տալու․ ինչպե՞ս ենք ապրում, եւ ամենակարեւորը՝ ինչպե՞ս ենք փորձում հասկանալ իրականությունը։
2025-ը նաեւ հիշեցրեց, որ լրագրությունը միայն նորություն փոխանցելը չէ։ Դա հիշողություն է, համատեքստ եւ ընթերցողի նկատմամբ հարգանք։ Տարին լի էր ցավոտ թեմաներով, լարված զարգացումներով, հիասթափություններով, բայց նաեւ՝ հանրային մտածողության փոքր, սակայն կարեւոր տեղաշարժերով։
Մուտք գործելով 2026 թվական՝ չենք շտապում մեծ խոստումներ տալ։ Բայց կարող ենք անել կանխատեսում, որը միաժամանակ հույս է․ 2026-ը լինելու է ընտրությունների, որոշումների եւ պատասխանատվության տարի։ Տարի, երբ հասարակության համար առավել կարեւոր են լինելու ոչ թե աղմկոտ հայտարարությունները, այլ փաստարկված խոսքը, ոչ թե արագ եզրակացությունը, այլ գիտակցված ընտրությունը։
Կարդացեք նաև
«Առավոտը» նոր տարում կշարունակի անել այն, ինչ փորձել է անել միշտ՝ լինել հարց տվող, ոչ թե պատրաստի պատասխաններ առաջարկող։ Լսել տարբեր ձայներ, բայց չկորցնել սեփական տոնը։ Գրել այնպես, որ ընթերցողը ոչ թե պարզապես տեղեկանա, այլ մտածի։
Թող 2026 թվականը լինի սթափության, արժանապատվության եւ ներքին դիմադրության տարի։ Թող այն մեզ բոլորիս տա ոչ միայն նոր օրացույց, այլ նաեւ նոր չափանիշներ՝ խոսքի եւ ընտրության համար։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
Ձեր «Առավոտ»

















































