Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ճանապարհին կրած մարդկային կորուստները մշտապես հիշեցնում են մեր առաքելության բարձր գինը. ՆԳ նախարար

Դեկտեմբեր 31,2025 21:12

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ։

 

2025 թվականը Ներքին գործերի նախարարության համար դարձավ համակարգային վերափոխումների և ինստիտուցիոնալ կայացման, ինչպես նաև նախորդ տարիներին ձեռք բերած արդյունքների ամրապնդման կարևոր փուլ։ Մենք շարունակել ենք խորքային և համընդգրկուն բարեփոխումները՝ ձևավորելով ժամանակակից, արդյունավետ և հանրության վստահությանն արժանացած կառավարման համակարգ, բարձրացնելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ամրապնդելով հասարակական կարգն ու ներքին անվտանգությունը։

Արձանագրված արդյունքները և հանրային վստահության աճը հաստատում են ընտրված ռազմավարության կենսունակությունը և միաժամանակ մեզ պարտավորեցնում են գործել առավել հետևողական և պատասխանատու կերպով։

Մենք գտնվում ենք արդիականացման այն հանգրվանում, որտեղ փոփոխությունները պահանջում են ոչ միայն վճռականություն, այլև երկարաժամկետ տեսլական, նորարար մտածողություն և ինստիտուցիոնալ ինքնամաքրման կամք։ Թերացումները բացահայտելն ու շտկելը մեր զարգացման գիտակցված գործիքներն են։

Ներքին գործերի նախարարությունը, որպես պետության կայունության և ներքին անվտանգության հիմնասյունային ինստիտուտ, իր առաքելությունն իրականացնում է մեր երկրի պետականության ամրապնդման և պետությունը հետևողականորեն ուժեղացնելու նպատակադրումով:

Մեր ճանապարհին կրած մարդկային կորուստները մշտապես հիշեցնում են մեր առաքելության բարձր գինը։ Խոնարհվում ենք ծառայության ընթացքում զոհված մեր գործընկերների հիշատակի առաջ։ Փա՛ռք նրանց։

 

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Խաղաղությունը մեր պետականության կայուն զարգացման առանցքային պայմանն է։ Միայն խաղաղ միջավայրում են հնարավոր խորքային բարեփոխումները, ուժեղ պետական ինստիտուտների ձևավորումը և քաղաքացիների անվտանգ ու արժանապատիվ կյանքը։ Մենք առաջնորդվում ենք այս գիտակցումով՝ ի նպաստ Կառավարության խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման:

Վստահ եմ, որ գալիք տարում նույն տեսլականով, պատասխանատվությամբ և հետևողականությամբ կշարունակենք մեր գործունեությունը՝ ծառայելով Հայաստանի Հանրապետության պետական շահերին և մեր հասարակության անվտանգ ապագային։

 

Թող 2026 թվականը լինի խաղաղության, կայուն զարգացման և մեր պետության համար նոր հնարավորությունների տարի։

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

 

ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031