Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը ստեղծվել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, Երևանում: Կենտրոնի կազմում ընդգրկված են` Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը (1938թ.), Հայաստանի պարի պետական անսամբլը (1958թ.), Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթը (1974թ.), Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը (1987թ.) և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (2005թ.):
Կազմակերպության գործունեության հիմնական և կարևոր նպատակն է հայկական երաժշտության և պարարվեստի ոլորտներում միասնական մշակութային գործունեության իրականացումը, մասնավորապես՝ կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը, միջազգայնացումը, հանրային վարկանիշի բարձրացումը, մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը հայկական ժողովրդական արվեստին և, որ ամենակարևորն է՝ հայկական արվեստը ներկայացնող վաստակաշատ անսամբլների աշխատանքային պայմանների բարելավումը, գործունեություն իրականացնելու համար սեփական տարածքի տրամադրում:
ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնին վերջապես հատկացվեց սեփական տարածք, որտեղ արդեն աշխատում և ստեղծագործում են կենտրոնի վարչակազմը, Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթը և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը։ 2025 թվականին իրականացվեցին մի շարք նախապատրաստական աշխատանքներ, որոնք հետագայում հնարավորություն կտան ունենալ ժամանակակից լուծումներով և արդի պայմաններին համապատասխան տարածք։
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն այս տարի իրականացրել է 85 համերգ, որից՝ 58-ը Երևանի թատերահամերգային դահլիճներում, 11-ը՝ մարզերում, 16-ը՝ արտերկրում։
Կարդացեք նաև
Տարին նշանավորվեց հոբելյանական միջոցառումների իրականացմամբ, մասնավորապես՝ հայ երգի երախտավոր և ականավոր գործիչ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը, հայ երգի թագուհի Օֆելյա Համբարձումյանի 100-ամյակը, հայ պարարվեստի ականավոր գործիչ, բալետմայստեր Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակը, ինչպես նաև մեր կազմում գործող Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի ստեղծման 20-ամյակը։ Միաժամանակ համերգներով նշվեց Հին հայկական Նոր տարին, Պարի միջազգային օրը և Կանանց մեկամսյակը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Պարի միջազգային օրը այս տարի նշանավորվեց նոր ձևաչափով․ ավելի քան 700 հոգի մասնակցեց Քոչարիի բացօթյա ֆլեշմոբին։
Հավատարիմ մնալով մշակույթի ապակենտրոնացման պետական քաղաքականությանը՝ ազգային կենտրոնը համերգային ծրագրերով հանդես եկավ հանրապետության մարզերում։ Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը բացօթյա համերգներով հանդես եկավ Հրազդանում և Աբովյանում, Հայաստանի պարի պետական անսամբլը՝ Վանաձորում, Քաջարանում, Վաղարշապատում, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը՝ Քաջարանում, Կապանում, Աբովյանում, Վաղարշապատում և Վարդենիսում, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ Աբովյանում։
Տարին հագեցած էր նաև հայկական կատարողական արվեստի միջազգայնացման գործընթացով։ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը համագործակցել է Spitfire Audio միջազգային ճանաչում ունեցող բրիտանական ընկերության հետ` մասնակցելով բացառիկ ձայնագրման նախագծի։ Հայկական ազգային նվագարանների` դուդուկի, քանոնի, քամանչայի, թառի, շվիի և այլ գործիքների յուրահատուկ հնչողությունը` ձայնագրվել է միջազգային ստանդարտներին համապատասխան և շուտով հասանելի կլինեն հազարավոր երաժիշտների ամբողջ աշխարհում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը մայիսին համերգներով հանդես եկավ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Le !POC!» և Մարսել քաղաքի «CEPAC Silo» համերգասրահներում, իսկ հունիսին՝ մասնակցելով «Կարաիսկակիա» 57-րդ միջազգային փառատոնին, բացօթյա համերգներով հանդես եկավ Հունաստանի Կարդիցա, Սոֆադես, Իտեա, Ֆանարի և Կարպոհորի քաղաքներում։
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը մայիսին Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնի շրջանակում բացօթյա համերգով հանդես եկավ Թբիլիսիի Վ. Գորգասալի հրապարակում, իսկ հուլիսին՝ Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված բացօթյա համերգով հանդես եկավ Վրաստանի Գանձա գյուղում։ Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթը համերգներով հանդես եկավ Կանադայի Մոնրեալ, Քեմբրիջ և Տորոնտո քաղաքներում։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ սեպտեմբերին Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի պարախումբը մասնակցեց Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունեցող «EXPO 2025. Osaka, Kansai» համաշխարհային ցուցահանդեսին։
Հայկական կատարողական արվեստի միջազգայնացման նպատակով Հայկական բարեգործական ընդհանուր միության (ABGU) հետ համատեղ իրականացվեց կրթամշակութային ծրագիր Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում գործունեություն ծավալող հայկական պարախմբերի համար, որը վարեցին ազգային կենտրոնի պարային մասի և Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանը և Կենտրոնի կազմակերպչական գծով տնօրենի տեղակալ Արթուր Գասոյանը։ Բուլղարիայում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ հետագա համագործակցությունների համար։
Տարին հագեցած էր նաև ստեղծագործական առումով․Հայաստանի երգի-պարի պետական անսամբլում բեմադրվել են «Աշխարհումս ախ չիմ քաշի․ Սայաթ-Նովա», «Կապույտ թռչուն» պարերը, վերականգնվել են «Լոռվա պատկերներ․ մինիատյուրներ «Անուշ» օպերայից», «Սասունցիներ», «Հոյ նազան իմ յարը» բեմադրությունները։ Հայաստանի պարի պետական անսամբլում բեմադրվել են «Իշխանուհիները Հայոց Աշխարհի․ Շորոր», «Հանինա», «Նինո» պարերը, փոփոխվել և վերաբեմադրվել են «Բերդն» ու «Յարխուշտան», որոնցից վերջինը ներկայումս դարձել է «Հաղթանակի յարխուշտա»՝ ներառելով «Չալ մը դանգը․ հարսանեկան ռազմապար» և «Յարխուշտա» բեմադրությունները։ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում իրականացվել են նոր բեմադրություններ՝ «Չինար ես», «Անձրևից հետո. չինական պար», «Ծաղկած բալենի», վերականգնվել է «Նոկտյուր» պարային բեմադրությունը, ինչպես նաև վերականգնվում է «Պոլովեցյան պարեր» խորեոգրաֆիկ ներկայացումը։ Երաժշտական մասում ստեղծվել են նոր ստեղծագործություններ, իրականացվել են մի շարք երաժշտական մշակումներ, փոխադրումներ և գործիքավորումներ։ Թարմացվել է համերգների լուսային ծրագիրը։ Նոր բեմադրությունների համար էսքիզավորվել և կարվել են մի շարք բեմական հագուստներ։
Ազգային կենտրոնի երգիչների և երաժիշտների շրջանում անցկացվել է մասնագիտական որակավորման քննություն, որի հիման վրա իրականացվել է հաստիքների օպտիմալացում, ինչի արդյունքում մի շարք երաժիշտների աշխատավարձը բարձրացվել է մոտ 55 տոկոսով։
Տարվա երկրորդ կեսից սկսվել է ելույթավճարային խրախուսման համակարգի ներդրումը, որը ներկայումս հնարավորություն է տալիս ելույթավճար տրամադրել մեներգիչներին, մենակատար երաժիշտներին և պարային բեմադրություններում մենապարող արտիստներին։
Այս տարի Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի համագործակցությունների շրջանակներում ներառվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, ՀՀ տուրիզմի ֆեդերացիան, Երևանի քաղաքապետարանը, Վանաձորի, Վաղարշապատի, Կապանի, Քաջարանի, Վարդենիսի, Հրազդանի և Աբովյանի համայնքապետարանները, Spitfire Audio ձայնագրման բրիտանական ընկերություն, «JAF – Ֆրանսահայ երիտասարդաց միությունը», Կանադայի «Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը(ABGU), «Ֆասթ շիֆթ» ՍՊԸ-ն, «ՋԱՀ․ Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, Վրաստանում հայերի միությունը, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը, ինչպես նաև «Գութան» փառատոնը։ Շարունակվել է սերտ համագործակցությունը Հայաստանի առաջատար և գրեթե բոլոր լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների հետ, ավելացել է օտարերկրյա լրատվամիջոցների անդրադարձերի թիվը, մասնավորապես՝ ռուսական, վրացական, ֆրանսիական, հունական, մակեդոնական, ճապոնական և այլ լրատվամիջոցներում։
Նշանավորվեց նաև համագործակցությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ` Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը և Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթը մասնակից եղան «Երգ երգոց» հեռուստանախագծին:
Իրականացնելով սոցիալական ցանցերում ազգային կենտրոնի պաշտոնական օգտահաշիվների տարեվերջյան մոնիթորինգ՝ չափորոշիչային ամենակարևոր կետերում արձանագրվել է հետևյալ պատկերը․ հետևորդների ընդհանուր թիվը դարձել է 94․351 (2024թ. տարեվերջին կազմել է 51․356), իսկ հրապարակված կոնտենտի դիտելիության ընդհանուր թիվը կազմել է 51․891․052 (2024թ. տարեվերջին կազմել է 18․124․422)։
Կենտրոնը շարունակում է իր համագործակցությունը ՀՀ միջին մասնագիտական կրթական հաստատությունների՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի հետ՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով անմիջական շփման մեջ լինելու անսամբլների գեղարվեստական և արտիստական կազմերի հետ և անցնելու ուսումնական պրակտիկա։
Աշխատանքներ են իրականացվել թվային արխիվի ստեղծման ուղղությամբ։ Մի շարք երաժշտական ստեղծագործությունների պարտիտուրաներ արդեն թվայնացված են։ Արխիվը հարստացել է մշակութային մեծ արժեք ներկայացնող լուսանկարներով, ձայնագրություններով, տեսաձայնագրություններով և փաստաթղթերով, որոնցից շատերը թվայնացվել և հրապարակվել են սոցիալական հարթակներում։
Ստեղծվել է ազգային կենտրոնին կից Ժողովրդական երաժշտարվեստի և պարարվեստի լիցենզավորված ստուդիան։
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

















































