Լրահոս
Օրվա լրահոսը

Համարում եմ, որ կառավարությունը ընդունելուց առաջ պատշաճ հաշվարկներ չի արել. Հայկազ Ֆանյանը՝ ArCa քարտերով cashback-ի մասին

Հունվար 03,2026 15:58

Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը

ArCa քարտերով cashback-ի մասին

Տարեվերջին կառավարության որոշմամբ սահմանվեց ArCa քարտերով cashback-ի պայմանները, որը գործելու է 2026թ-ի ընթացքում, ըստ այդմ՝ անկանխիկ գործարքների* ծավալի 2%-ը վերադարձվելու է հաճախորդներին, որից 1%-ը ArCa վճարային համակարգի կողմից, մնացածը կառավարության, ընդ որում՝ ArCa-ի մասնաբաժինը չի կարող գերազանցել 3.5 մլրդ դրամը, իսկ եթե գործարքների ծավալը 350 մլրդ դրամից ավել լինի,  ամբողջ բեռն իր վրա կկրի պետական բյուջեն… հարկ է նշել, որ 2026թ-ի պետբյուջեում այս միջոցառման համար պլանավորված է միայն 3.5 մլրդ դրամ․․․

Կառավարության որոշման նախագծին կցված է մի «համեստ հիմնավորում», որը կարծես ֆիննախը պատրաստած չլինի (ես Ձեզ վստահեցնում եմ` եթե ցանկացած այլ գերատեսչություն այդ հիմնավորումը պատրաստած լիներ, ֆիննախի մեր հարգարժան գործընկերները ուղղակի «վրայով կանցնեին»), ինչևէ այդ փաստաթղթում նշված է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է անկանխիկ գործարքների խթանման անհրաժեշտությամբ, սակայն ո՛չ բյուջեում, ո՛չ նախագծի հիմնավորման մեջ ոչ մի արդյունքային ցուցանիշի մասին խոսք չկա՝ գործարքների քանակ, ծավալ, քարտապանների թիվ և այլն․․․

Տրամաբանությունը հուշում է, որ չէր կարող կառավարությունը պարզապես 3.5 մլրդ դրամ հատկացներ միայն անկանխիկ գործարքների խթանմանը, դրա միջոցով փորձ է արվում ստվերը կրճատել։ Հիմա եկեք տեսնենք ինչքանով է դա արդյունավետ՝

2025թ-ի հունվար-նոյեմբերին ՀԴՄ-ներով (բացառությամբ տաքսիների) գործարքների ծավալը կազմել է 2.88 տրիլիոն դրամ, որից՝ անկանխիկ գործարքները 1.07 տրիլիոն դրամ (~ 37.3%), դրանից ըստ մեր գնահատականի մոտ 11.2%-ն էլ ArCa քարտերով․․․

Ըստ այդմ, ենթադրաբար եթե որևէ խթանման միջոցառում չլիներ 2026թ-ին ՀԴՄ-ներով շրջանառությունը կլիներ մոտ 3.7 տրիլիոն դրամ, անկանխիկ շրջանառությունը՝ 1.52 տրիլիոն դրամ, իսկ ArCa քարտերով մոտ՝ 170 մլրդ դրամ․․․

Հիմա եկեք ենթադրենք, թե այս միջոցառման արդյունքում ինչ կարող է լինել՝

Դիցուք ArCA-ի քարտերի մասնաբաժինը կավելանա և շրջանառությունը կկազմի 350 մլրդ դրամ, սա նշանակում է, որ cashback-ը պիտի կազմի 7 մլրդ դրամ, որից կառավարության մասնաբաժինը` 3.5 մլրդ դրամ (կառավարության սցենարն է),

ArCa քարտերով շրջանառության ավելացման արդյունքում տնտեսվարողների (merchant-ների) զուտ շահույթը միջնորդավճարների տարբերության հաշվին կավելանա շուրջ 1.8 մլրդ դրամով (տարբերությունը ընդունենք 1%), որից շահութահարկը կավելանա մոտ 324 մլն դրամով, դիցուք այդ հավելյալ 1.476 մլրդ դրամից էլ կեսը կբաժանվի սեփականատերերին որպես դիվիդենտ, ինչի արդյունքում պետբյուջեի մուտքերը կավելանան մոտ 37 մլնով։

Դիցուք շահութահարկի և ԱԱՀ-ի գումարային էֆեկտիվ բեռը 18% է, սա նշանակում է, որ այս միջոցառման շնորհիվ ստվերի կրճատումը պետք է կազմի առնվազն 17.5 մլրդ դրամ (մոտ 0.5%), որ միջոցառումը համարվի ծախսարդյունավետ (efficient), ինչն ըստ իս հնարավոր է սցենար է․․․․

Հ․Գ․ 1. Երբ միտք առաջացավ այս հաշվարկներն անելու, ես հիպոթեզ ունեի, որ կառավարությունը անում է ծախսեր, որոնք արդյունավետ չեն, բայց ընթացքում հաշվարկներն այլ պատկեր բացահայտեցին, այդուհանդերձ, համարում եմ, որ կառավարությունը ընդունելուց առաջ պատշաճ հաշվարկներ չի արել (այլապես չներկայացնելու պատճառ չեմ տեսնում), արդյունքային ցուցանիշներ չի սահմանել, ինչը խնդրահարույց է․․․

Հ․Գ․ 2. Ի դեպ, ապրանքների և ծառայությունների դիմաց ՀԴՄ-ով անկանխիկ գործարքների և ԿԲ տվյալներով ապրանքների և ծառայությունների դիմաց գործարքների ծավալները տարբերվում են, լավ կլինի այս գերատեսչությունները այդ տարբերությունների պատճառները փորձեն հասկանան, դա ևս կարող է նպաստել ստվերի կրճատմանը։

* ոչ բոլոր գործարքներն են համարվելու eligible այս միջոցառման համար, մասնավորապես հետվճար չի հաշվարկվելու կոմունալների, հեռահաղորդակցության ծառայությունների, տարբեր բաժանորդագրությունների, dating ծառայությունների, adult content-ի, gambling-ի դեպքերում և այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031