«Մենք կղեկավարենք երկրում, մինչեւ չկարողանանք ապահով, պատշաճ եւ խելամիտ անցում ապահովել։ Չենք ուզում գործ ունենալ մի իրավիճակի հետ, որտեղ մեկ այլ մարդ կգա [առաջնորդելու], եւ մենք կունենանք վերջին երկար տարիների նույն իրավիճակը»։ Երեկ կեսօրին Ֆլորիդայում տված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որի երկիրը գիշերը ավիահարվածներ էր հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա՝ արդյունքում ձերբակալելով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ իր տիկնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։
«Ինչպես տեղյակ են բոլորը, Վենեսուելայում նավթի բիզնեսը կիսատ է եղել, ամբողջովին կիսատ երկար ժամանակ։ Արդյունահանում էին գրեթե ոչինչ, եթե համեմատության մեջ դնենք այն քանակի հետ, թե որքան կարող էին արդյունահանել», – ասել է Թրամփը՝ ըստ էության հասկացնելով, որ Մադուրոյին իշխանազրկելու շարժառիթներից մեկն էլ հենց նավթն էր եւ ոչ միայն ենթադրաբար Վենեսուելայից ԱՄՆ ներհոսող թմրամիջոցները։
«ԱՄՆ նավթի շատ մեծ ընկերությունները, որոնք աշխարհում մեծագույն ընկերություններն են, գնալու են, միլիարդավոր դոլարներ են ծախսելու, ուղղելու են անսարք ենթակառուցվածքները՝ նավթի ենթակառուցվածքները եւ երկրի համար սկսելու են գումար ստեղծել», – ասել է նախագահը։
Նա սպառնացել է, որ կարիքի դեպքում «պատրաստ ենք երկրորդ, ավելի մեծ հարձակում բեմադրել»։
Կարդացեք նաև
Ասուլիսի ընթացքում դրամատիզացման իրեն հատուկ խոսքերով է Թրամփը նկարագրել ամերիկյան զինուժի գիշերային ներխուժումը Վենեսուելա։
«Անհավանական հարձակում, հարձակում, որը մարդիկ չէին տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», «Օրինազանց բռնապետ Նիկոլաս Մադուրոյին արդարադատության առաջ կանգնեցնենք», «Սա ամերիկյան ռազմական հզորության եւ շնորհքի սքանչելիության արդյունավետ եւ ուժգին ցուցադրություններից մեկն էր ամերիկյան պատմության ընթացքում, չնայած մի քանի այլ լավ օրինակներ կան՝ Սուլեյմանիի վրա հարձակումը, ալ-Բաղդադիի վրա հարձակումը եւ բոլորովին վերջերս Իրանի միջուկային վայրերի ոչնչացումն ու վերացումը», «Որեւէ պետություն չէր կարող հասնել նրան, ինչին Ամերիկան երեկ հասավ», «Մեր բանակի տղամարդիկ եւ կանայք, ԱՄՆ իրավապահների հետ համագործակցությամբ, հաջողությամբ գերեվարեցին Մադուրոյին մթության քողի տակ։ Մութ էր։ Կարակասի լույսերը մեծամասամբ անջատված էին՝ մեր մի հնարավորության շնորհիվ։ Մութ էր։ Մահաբեր էր։ Կնոջն էլ ենք գերեվարել»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարում՝ նախագահ Թրամփը, պատերազմի նախարար Հեգսեթը հետեւում են ԱՄՆ զինված ուժերի գործողություններին Կարակասում


















































