«Ահաբեկչական հարձակում՝ մեր ժողովրդի դեմ, մեր հայրենիքի դեմ, մեր էլեկտրական ցանցերի դեմ, Բոլիվարյան հեղափոխության դեմ»։ Այս խոսքերով է Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբեյոն մեկնաբանել ԱՄՆ զինուժի գիշերային ներխուժումը Վենեսուելա։
«Սա հարձակում է Վենեսուելայի դեմ, Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության դեմ», – հայտարարել է Կաբեյոն՝ հանդարտության եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը վստահելու կոչ հնչեցնելով»։
Նա ԱՄՆ-ին անվանել է «թշնամի, ահաբեկիչ թշնամի, որը վախկոտաբար հարձակվեց մեզ վրա»։
Կարդացեք նաև
Ժողովրդին ուղղված տեսաուղերձում Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն էլ հայտարարել է արտաքին միջամտություններին դիմադրելու մասին։
Թեպետ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել եւ հեռացվել է իր երկրից, իշխանության բարձրագույն մյուս ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարել։ Նախարար Պադրինոն հայտնել է, որ շարունակում են Մադուրոյի նախագահական մանդատը։
Երեկ կեսօրին Ֆլորիդայում տված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգները «կղեկավարի Վենեսուելայում մինչեւ իշխանության ապահով, պատշաճ եւ խելամիտ փոխանցումը»։
Այդ «ղեկավարման» ձեւաչափի, ներգրավված անձանց մասին Թրամփը չի բարձրաձայնել։
«Վենեսուելայի ռազմաքաղաքական բոլոր գործիչները պետք է հասկանան՝ այն, ինչ կատարվեց Մադուրոյի հետ, կարող է եւ նրանց հետ կատարվել, եւ այն կկատարվի, եթե նրանք նրանց ժողովրդի հետ արդարացիորեն չվարվեն», – զգուշացրել է նախագահ Թրամփը։
Բազմաթիվ վենեսուելացիներ, առավելապես վենեսուելական սփյուռքում, տոնում են նախագահ Մադուրոյի իշխանազրկումը։
«Մենք ազատ ենք։ Մենք բոլորս ուրախ ենք, որ բռնապետությունն ընկել է եւ մենք ազատ երկիր ունենք», – Reuters-ի փոխանցմամբ ասել է Չիլիում յոթ տարի բնակվող վենեսուելացի մի կին։
ԱՄՆ մի շարք քաղաքներում վենեսուելացիները փողոց են դուրս եկել՝ տոնելու Մադուրոյի հեռացումը։ Ոմանք գոհունակության խոսքեր են հնչեցնում Թրամփի հասցեին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարում՝ Վենեսուելայի ՆԳ նախարարը՝ հունվարի 2-ի գիշերը


















































