Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը գործի է դրել Մոնրոյի դոկտրինը` Ամերիկյան մայրցամաքը համարվում է ԱՄՆ-ի բացառիկ ազդեցության գոտի. Վլադիմիր Մարտիրոսյան

Հունվար 04,2026 14:35

«Գլոբալ առումով այսքանից հետո չեմ նախանձում միջազգային իրավունքի մասնագետներին: Հատկապես, երբ նրանք աշխարհի տարբեր համալսարաններում տարբեր լսարաններում մասնագիտության ուժով ստիպված լինեն դասախոսել վերջնականապես այլեւս գոյություն չունեցող այդ դիսցիպլինը: Ձերդ մեծությո՛ւն, քաղաքականություն:

Աշխարհում այլեւս ոչ մեկին ոչ մի հիմնավորում, սկզբունքին հետեւել պետք չէ սեփական շահերն առաջ տանելու համար: Այդպես է պետք շահերին եւ վերջ: Առաջ գոնե հիմնավորում էին, հիմա դա անհրաժեշտ էլ չէ, նույնիսկ երկակի ստանդարտի կիրառումը ակտուալ չէ:

Իրականում՝ շուրջ քսան տարի է՝ ուսումնասիրում եմ լատինաամերիկյան ավտոկրատիաների եւ ավտորիտար լիդերների ռեժիմները: Չեմ շտապի եզրակացություններ անել, քանի դեռ պարզ չէ վենեսուելական նավթի ապաազգայնացման եւ ապապետականացման ողջ աշխարհաքաղաքական քարտեզը:

Մի բան է պարզ՝ Թրամփը ողջ ուժով գործի է դրել Մոնրոյի դոկտրինը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ եւ այդ դոկտրինի իրագործման կարեւորագույն կետը հետևյալն է՝ ամերիկյան մայրցամաքը համարվում է ԱՄՆ-ի բացառիկ ազդեցության գոտի, իսկ ցանկացած արտաքին միջամտություն այնտեղ դիտվում է որպես սպառնալիք», – Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ասաց քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը:

Վլադիմիր Մարտիրոսյանը

Ռազմական փորձագետ, վերլուծաբան Հայկ Նահապետյանն անդրադառնալով Ռուսաստան-Ուկրաինա եւ ԱՄՆ-Վենեսուելա զուգահեռներին ու երկու երկրներում էլ արտաքին միջամտությամբ նախընտրելի ղեկավար փոխելուն, հետեւյալը նշեց. «Այն, ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում, առաջին հերթին դավաճանություն է Վենեսուելայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, որովհետեւ անարգել կերպով մի քանի ուղղաթիռներ կարողացան ներխուժել մայրաքաղաք Կարակաս, իհարկե, նախօրոք նաեւ մի քանի ռազմական օբյեկտների թիրախավորված հարվածեցին, բայց իմ կարծիքով, այստեղ առաջին գործոնը Վենեսուելայի ռազմաքաղաքական որոշ ղեկավարների կողմից դավաճանությունն է:

Հայկ Նահապետյանը

ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ արտաքին կառավարման պատասխանատվությունը վերցնում է, եւ եթե Վենսուելայում դիմադրություն չեղավ, իսկ ինքը ունի բավական լուրջ զինված ուժեր, բնակչության մոտ 2 միլիոնանոց պատրաստված աշխարհազոր ու ջունգլիներ, ուրեմն տեղի ունեցածը դավաճանություն է: Նույնը եղավ նաեւ Սադամ Հուսեյնի պարագայում՝ մի քանի գեներալներ իր կողքին կանգնեցին, մյուսներն ուղղակի վճարվել էին եւ դավաճանեցին:

Ենթադրվում է, որ վաղօրոք համաձայնություն էր ձեռք բերվել Վենեսուելայի 6-րդ շարասյան՝ այն է բավականին բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ: Կարելի է ասել գունավոր հեղափոխություն, բայց այս սցենարով: ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Վենեսուելայի նախագահին առեւանգելը եւ գերեվավարելը հետապնդում է հետևյալ նպատակները՝

1. ԱՄՆ-ն ցանկանում է Ամերիկա մայրցամաքի բոլոր պետություններին վերցնել անմիջական վերահսկողության եւ կառավարման ներքո։ Առաջին հերթին՝ Վենեսուելա, Կանադա, Մեքսիկա, Բրազիլիա։

2. Տիրանալ աշխարհի Վենեսուելայի նավթի ամենամեծ պաշարին՝ 19,6 %-ին, մոտ 304-305 միլիարդ բարել։

3. ԱՄՆ-ի ռազմավարական նպատակը իր նկատմամբ Չինաստանի տնտեսության առավելությունը չեզոքացնելն է՝ դեպի Չինաստան գնացող Վենեսուելայի եւ Իրանի նավթային հոսքերը կանգնեցնելով կամ պակասեցնելով։

4․Իրանում պատրաստվում է դասական ձևով պետական հեղաշրջում ՝ գունավոր հեղափոխության եւ անջատողականության գործիքակազմով։ Փաստացի, այդ գործողություններին մասնակցելու են Ադրբեջանը եւ Թուրքիան, չբացառելով նաեւ Հայաստանի ներգրավվածությունը»։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, այս մասին էլ Նահապետյանը նշեց. «Զելենսկու ամբողջ անվտանգությունը անհիշելի ժամանակներից MI6 Բրիտանիայի արտաքին հետախուզության աշխատակիցներն են ապահովում: Այս պարագայում, եթե ԱՄՆ-ն խնդիր ունի, Զելենսկին էլ չի ստորագրում այն, ինչ իրեն պարտադրում են՝ այսպես կոչված խաղաղության պայմանագիր, նշանակում է, որ ԱՄՆ-ն պետք է ճնշում կիրառի MI6-ի վրա: Եթե ճնշում եղավ, այստեղ դավաճանության խնդիր չէ, այլ ճնշման խնդիր:

Ըստ իս՝ ԱՄՆ-ի հիմնական կադրային թեկնածուն Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է, որը պատրաստվել է Կենտրոնական հետախուզական վարչության սպաների կողմից, ժամանակին հավաքագրված է եղել եւ իր ազդեցությամբ ու կապերով, ռեսուրսներով, կարելի է ասել, որ ստվերային կառավարիչն է, ու ցանկացած օպերացիա երկրի ներսում ցանկացած անձի նկատմամբ կարող է իրականացնել: Իսկ իրեն բերել աշխատակազմ կամ գրասենյակի ղեկավար նշանակել, որի հրամանը եղավ, թեեւ դեռ Ռադան պետք է հաստատի, նշանակում է այդ մարդուն գործնական լծակներից կտրել եւ դարձնել գրասենյակի աշխատող: Իսկ սա նշանակում է, որ ԱՄՆ-ի թեկնածուն այդքան էլ Բրիտանիայի սրտով չէ, իսկ Բրիտանիան ունի իր թեկնածուն՝ Ուկրաինայի դեսպանը տարուց ավել Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին է: Այսինքն, Բրիտանիան սկզբունքորեն փորձելու է պահել Զելենսկուն: Այստեղ ակնհայտ առճակատում է լինելու՝ Բրիտանիա եւ ԱՄՆ:

Այնպես չէ, որ ԱՄՆ-ն որոշեց Զելենսկուն առեւանգել, որովհետեւ առեւանգելու ժամանակ ինքը դիմադրության է հանդիպելու ոչ թե Ուկրաինայի համապատասխան կառույցների, այլ MI6-ի կողմից: Իսկ այս պահին ԱՄՆ-ին հրապարակավ առճակատում պետք չէ»:

Իր հերթին հրապարակային ելույթում անդրադառնալով Վենեսուելայի նախագահ Մադուրոյի առեանգմանն ու գերեվարմանը՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին նշել է. «Եթե այդպես կարելի է վարվել դիկտատորների հետ, ուրեմն ԱՄՆ-ն գիտի ինչպես նրա հետ վարվել նաեւ հետագայում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031