Վենեսուելայի Գերագույն դատարանի Սահմանադրական պալատը որոշում է կայացրել, ըստ որի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը ժամանակավորապես պետք է ստանձնի Վենեսուելայի նախագահի պարտականությունները՝ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում, հայտնում է Reuters-ը։ Հիշեցնենք՝ Մադուրոն գերեվարվել էր ԱՄՆ զինված ուժերի իրականացրած գործողության ընթացքում։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը կստանձնի «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երկրի վարչական շարունակականությունն ու ազգի համապարփակ պաշտպանությունը ապահովելու նպատակով»։
Որոշման մեջ նաև ասվում է, որ դատարանը կքննարկի «իրավական կիրառելի շրջանակը, որը կապահովի պետության շարունակականությունը, կառավարության ղեկավարումը և Վենեսուելայի ինքնիշխանության պաշտպանությունը երկրի նախագահի հարկադրաբար առաջացած բացակայության պայմաններում»։
Փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսն ավելի վաղ հայտարարել էր. «Վենեսուելայի միակ նախագահը Նիկոլաս Մադուրոն է, որն իր կնոջ հետ միասին պետք է ազատ արձակվի»:


















































