Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր համայնքը կանգնած է մեր օրերում աներևակայելի հոգևոր փորձության առջև. ուղերձ թալինցիներին

Հունվար 05,2026 13:06

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ ԹԱԼԻՆՑԻՆԵՐԻՆ

Սիրելի հավատավոր թալինցիներ, թասիբով սասունցիների ժառանգներ:

Այսօր երեկոյան Ճրագալույցի Ս.Պատարագից հետո մենք կողջունենք միմյանց Ավետիսով՝ Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս: Իսկ, վաղը՝ հավատավոր հայ մարդիկ կնշեն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը:

Սակայն, ձեր համայնքը կանգնած է մեր օրերում աներևակայելի հոգևոր փորձության առջև: Իրենց հայ համարող, սակայն հոգևորականին հայհոյող, Քրիստոսաէջ Մայր Տաճարի վրա ասպատակողներն ուզում են Աստծո և Մայր Եկեղեցու վրա ապստամբության թատերաբեմը տեղափոխել Թալինի Ս.Աստվածածին եկեղեցի, պղծել Աստծո տան նվիրական կամարները, խախտել Մայր Եկեղեցու դարավոր կարգն ու կանոնը: Աստվածամարտ մարդկանց հանդգնությունն այն աստիճանի է հասել, որ իրենք իրենց ինքնակոչ եկեղեցու խաչքավոր են ուզում կարգել: Դուք մտածեք, կարո՞ղ է արդյոք եկեղեցու Սուրբ Խորան բարձրանալ մեկը, ով հովանավորում է հակականոնական պատարագանման արարողության անցկացումը կարգալույծի կողմից և եկեղեցու պղծումը: Որպես հավատավոր հայ քրիստոնյաներ, մենք պարտավոր ենք գիտակցել, թե ի՞նչ հետևանքներ Աստվածաշնչով ու կյանքի օրինակներով կարող են լինել Եկեղեցու կարգի դեմ ապստամբելու և նման սրբապղծության դեպքում, երբ մարդիկ փորձում են ինքնակամ տիրանալ եկեղեցական իշխանությանը կամ հակառակվել Աստծո կողմից կարգված հոգևորականությանը.

1.Քահանայական կարգի դեմ ապստամբածներին՝ Կորխին ու նրան հարած մարդկանց, ընտանիքներին, երեխաներին ու նրանց անասուններին գետինը բացվեց և նրանք ՈՂՋ-ՈՂՋ ԻՋԱՆ ԴԺՈԽՔ, երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովրդի միջից։ Հետո Տիրոջ ուղարկած կրակն իջավ ու ճարակեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որոնք ապօրինաբար խնկարկում էին (Թվ. 16:31-35)։ «Վա՜յ նրանց, որոնք … կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով» (Յուդ. 1:11)։

2.Ահարոնի երկու որդիները մի բուրվառ վերցնելով Տիրոջ առաջ անմաքուր կրակ մատուցեցին, մի բան, որ Տերը նրանց չէր պատվիրել։ Կրակ բխեց Տիրոջից, այրեց նրանց, և նրանք ՄԵՌԱՆ Նրա առաջ (Ղևտ. 10:1-2)։

3.Երբ կարգալույծը, ով չունի այլևս հոգևոր իրավունք, ձեռք է տալիս սրբությանը, նա ենթարկվում է Աստծո դատաստանին։ Օզան թվում էր թե բարի մղումով փորձեց բռնել տապանակը, որպեսզի այն վայր չընկնի: Սակայն, քանի որ իրավունք չուներ ձեռք տալու սրբությանը, Տերը բարկացաւ նրա վրա, նրա հանդգնության համար հարվածեց նրան և նա ՄԵՌԱՎ (Բ Թագ. 6:7)։

4.Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ նրանք ովքեր ապստամբում են Եկեղեցու դեմ, հայհոյում են հոգևորականներին և ստեղծում զուգահեռ «եկեղեցիներ», ՄԵՂՔ են գործում, որն ավելի ծանր է, քան հեթանոսությունը։

5.Եկեղեցական կանոնով այն Պատարագն է վավեր, որն իրականացվում է եպիսկոպոսի թույլտվությամբ, այլապես դա անողը սատանային է ծառայում:

6.Ս.Գրիգոր Տաթևացին նշում է, որ սրբապղծությունը՝ սուրբ տեղում մեղք գործելը կամ սրբությունը պղծելը, անեծք է բերում ոչ միայն տվյալ մարդու, այլև նրա ազգատոհմի վրա, նրանք ԶՐԿՎՈւՄ են Աստծո պաշտպանությունից։

7.Սրբապղծության մասնակիցները ենթարկվում են հոգևոր կուրության՝ կորցնելով ճշմարիտը ստից տարբերելու շնորհը։

8.Նման «չպատարագներից» հետո մարդկանց վրա ոչ թե Սուրբ Հոգին է իջնում, այլ դուռ է բացվում չար ոգիների համար, որի պատճառով կարող են առաջանալ ծանր հոգեկան, մտավոր շեղումներ ու տառապանքներ:

9.Հիշե՛ք, Աստված չի՛ պղծվում, բայց մարդը կարող է պղծվել եկեղեցում, եթե մտնում է այնտեղ ոչ թե երկյուղածությամբ, այլ հպարտությամբ, հակառակությամբ, ատելությամբ ու խախտում եկեղեցական կարգը:

10.Բազմաթիվ վկայություններ կան խորհրդային ժամանակներից, որ եկեղեցու խաչը վայր գցելու համար բարձրացած մարդիկ կամ վայր են ընկել ու տեղում մահացել, կամ մի քանի օր անց կաթվածահար եղել։

11.Հայտնի են պատմություններ, երբ քանդված եկեղեցու քարով կառուցված տներում ոչ մի հաջողություն չի եղել, երեխաները հիվանդացել են, հրդեհներ են բռնկվել կամ ընտանիքի անդամները հոգեկան խանգարումներ են ստացել։

12.Եկեղեցու խաչքավորը ՉԻ՛ ԿԱՐՈՂ լինել մեկը, ով ապստամբում է այդ նույն Եկեղեցու և նրա նվիրապետական գահի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Աստված չի հանդուրժում, երբ մարդիկ փորձում են «սրբություն խաղալ» կամ ինքնակոչ կերպով տիրանալ հոգևոր պաշտոններին, ինչպիսին քահանայությունն ու խաչքավորությունն է՝ առանց Եկեղեցու օրհնության։ Կարգալույծի կողմից կատարվող ցանկացած «ծիսական արարողություն» ոչ թե օրհնություն է, այլ պղծություն, որը դատապարտություն է բերում թե՛ կատարողին, թե՛ դրան մասնակցողներին։ Եկեղեցու Ս.Խորան բարձրացող «ինքնակոչը» ոչ թե պատիվ է ստանում, այլ հոգևոր մահվան դատավճիռ։ Ինքնակոչ խաչքավորությունը ոչ թե օրհնություն է, այլ հանդգնություն Աստծո հանդեպ։ Քանի դեռ չկա հրապարակային ապաշխարություն Մայր Աթոռի և Եկեղեցական կարգի առջև, այս մարդիկ մնում են Եկեղեցուց դուրս, ինչը նշանակում է՝ փրկությունից դուրս՝ ենթակա նզովքի և բանադրանքի: Աստծո օրհնությունը Մայր Եկեղեցու շուրջ համախմբվելու և օրինական հոգևոր հովվին սատարելու մեջ է։

Եկեք աղոթքով խնդրենք, որ Աստված Մանուկ Հիսուսի Սուրբ Ծննդյան Ավետիսով հալեցնի բոլոր քարացած սրտերը, զղջման ու ապաշխարության հոգի դնի բոլոր ապստամբների մեջ: Եվ Շնորհ անի մեզ սրբությամբ նշելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Ամեն:

Հարգանքով, մշեցի Սամվել դպիր Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031