Բաքուն և Անկարան 15 տարվա համաձայնագիր են ստորագրել՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Ապշերոն» հանքավայրից Թուրքիա 33 մլրդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման վերաբերյալ: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
«Ադրբեջանի հետ նոր համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունվարի 2-ին և նախատեսում է 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարում։ Գազը Կասպից ծովում գտնվող «Ապշերոն» հանքավայրից կմատակարարվի տարեկան 2,25 միլիարդ խորանարդ մետր ծավալով՝ 15 տարվա ընթացքում», – թուրքական Kanal 7 հեռուստաալիքի եթերում ասել է Բայրաքթարը։
Նա հավելել է, որ համաձայնագրի իրականացումը կսկսվի 2029 թվականին և կշարունակվի մինչև 2040-ական թվականները։
Կարդացեք նաև
«Օգտագործելով մեր առկա ենթակառուցվածքները՝ այս գազը Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարով կմատակարարենք մեր երկիր», – հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։
Բայրաքթարը նաև նշել է, թե երկարաժամկետ պայմանագրերի և դիվերսիֆիկացիայի ռազմավարության շնորհիվ Թուրքիան ապահովել է էներգառեսուրսների մատակարարման անվտանգությունը և կշարունակի գազի մատակարարումը մրցունակ գներով։
«Ապշերոն» հանքավայրը Բաքվից 100 կմ հեռավորության վրա է՝ 500 մետր խորության վրա։ Հանքավայրի շահագործմամբ զբաղվում է Joint Operating Company of Absheron Petroleum B.V. (JOCAP) ընկերությունը։ Պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ Պայմանագրային տարածքը կազմում է 747 քառ. կմ։ Նախնական գնահատմամբ՝ հանքավայրի պաշարները կազմում են մոտ 350 մլրդ խորանարդ մետր գազ և 100 մլն տոննա կոնդենսատ։ Առաջին փուլի շրջանակում արդյունահանվող գազը նախատեսված է Ադրբեջանի ներքին շուկայի համար։
Ինչպես հաղորդվել է, «Ապշերոն» հանքավայրի մշակման երկրորդ փուլի շրջանակում առաջին գազի արդյունահանումը նախատեսվում է 2028 թվականի վերջում կամ 2029 թվականի սկզբին։
Նախագիծը կապահովի տարեկան առնվազն 4,5 մլրդ խորանարդ մետր գազի արդյունահանում (հանքավայրի յուրացման երկու փուլերի արդյունքներով)։ Առաջին փուլի շրջանակում արդյունահանվում է 1,5 մլրդ խորանարդ մետր։
«Ապշերոնում» առաջին գազի ստացման մասին TotalEnergies-ը և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել են 2023 թվականի հուլիսի 10-ին։ 2024 թվականին առաջին փուլի շրջանակում արդյունահանումը հասել է պիկային մակարդակի՝ 1,5 մլրդ խորանարդ մետր։
Սկզբնապես նախագծին հավասար բաժնեմասերով մասնակցում էին «SOCAR»-ը և TotalEnergies-ը։ Այնուհետև 2023 թվականի օգոստոսին նախագծին միացել է երրորդ մասնակիցը՝ ԱՄԷ-ի ազգային նավթային ընկերությունը՝ Abu Dhabi National Oil Co (ADNOC), որը «SOCAR»-ից և TotalEnergies-ից ձեռք է բերել յուրաքանչյուրից 15 տոկոս բաժնեմաս։
Ներկայում Թուրքիա մատակարարվում է ադրբեջանական գազ, որը արդյունահանվում է «Շահ Դենիզ» հանքավայրի մշակման «Փուլ 1»-ի և «Փուլ 2»-ի շրջանակում։



















































