Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակում Հայաստանը Ռուսաստանի երկաթուղիներին մուտք կստանա Ադրբեջանով, հայտնում է Ինտերֆաքսը։
Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա նշել է, թե «Հայաստանը կշահի Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից », և թե «դա օգտակար կլինի բոլորի համար»։
«Որովհետև Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ Հայաստանը Նախիջևանի միջով մուտք կունենա Իրանի երկաթուղիներ և Ադրբեջանի միջով Ռուսաստանի երկաթուղիներ։ Սա նաև Հայաստանի համար է օգտակար։ Այստեղ պարտվող չպետք է լինի։ Առնվազն, տնտեսական կամ տրանսպորտային տեսանկյունից, պարտվողներ չեն լինի», – նշեց նա։
Ալիևն ասել է, թե պետք է կառուցվի Նախիջևանը Թուրքիայի հետ կապող երկաթուղի։ «Այս բոլոր նախագծերը, անշուշտ, պետք է իրականացվեն սերտ համակարգմամբ», – նշել է նա:


















































