Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը քաղաքականապես ամրագրեց ռազմի դաշտում գրանցած հիասքանչ հաղթանակը»․ Ալիեւը՝ օգոստոսի 8-ի մասին

Հունվար 06,2026 09:51

«Նախորդ տարին իսկապես կարող է պատմական համարվել, որովհետեւ, քաղաքական տեսանկյունից, Հայաստան-Ադրբեջան պատերազմը հենց 2025-ին ավարտվեց, եւ մի քանի ամիս է, ինչ մենք խաղաղության ներքո ենք ապրում». ադրբեջանական մամուլի հետ զրույցում այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ալիեւի խոսքով՝ ադրբեջանցի ժողովուրդը եւ ադրբեջանական պետությունն անկախությունից հետո ապրել են պատերազմական վիճակում եւ այժմ սովորում են ապրել խաղաղության ներքո։

«Պատերազմը տարբեր փուլեր ուներ։ Դա լավ հիշում եք։ Պատերազմի ակտիվ փուլը, զինադադարը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, հակաահաբեկչական գործողությունը (Արցախի էթնիկ զտումը – խմբ․), դրան հաջորդած ժամանակաշրջանը՝ այս բոլոր իրադարձություններն ավարտվեցին նախորդ տարի օգոստոսին։ Այլ կերպ ասած, Ադրբեջանը քաղաքականապես ամրագրեց ռազմի դաշտում գրանցած հիասքանչ հաղթանակը։ Մենք դա արեցինք աշխարհի թիվ մեկ աշխատասենյակում»։

Նրա կարծիքով՝ օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռքբերված համաձայնությունները Ադրբեջանի ամենապատմական իրադարձություններից մեկն են համարվելու։

2025-ը Ալիեւը պատմական է համարել նաեւ ադրբեջանաամերիկյան հարաբերությունների համար։ Նրա խոսքով՝ «չնայած որ Ադրբեջանը նորանկախ երկիր էր, Ադրբեջանը չկարողացավ պատշաճ հարաբերություններ հաստատել աշխարհի թիվ մեկ պետության հետ։ Սա Ամերիկայում գործող հակաադրբեջանական ուժերի գործողությունների՝ հայկական լոբբիի գործողությունների արդյունք էր»։

Նա գովերգել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ որպես «պրագմատիկ եւ պրոֆեսիոնալ»՝ հիշատակելով Թրամփի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության արգելափակման մասին 907-րդ բանաձեւի չեղարկումը։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031