Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ ուղերձ հղեց։ Վեհափառը նշեց, որ այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը։
«Խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողության, բանավեճը վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների։ Իսկ հանրային օգուտը հայրենանպաստ եւ ազգանպաստ ծառայությունը՝ ստորադասվում անձնական եւ խմբակային նեղ շահերին։ Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների, այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը եւ խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը»,- ասաց նա։
Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ արեց հավատացյալներին․ «Վճռական լինենք՝ հաստատուն պահելու օրինահարգությունը, մերժելու անիրավականությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը։ Մեր առջեւ բացված է ճանապարհը դեպի Տերը, դեպի երկնառատ պարգեւներ ու հավիտենություն, այդ ուղիով տերունական պատգամների իրագործումներով է, որ մեր ժողովուրդը կհաղթահարի տառապանքների խավարը։ Եվ ավետարանչի խոսքի համաձայն՝ լույս կծագի մեր կյանքում, մեր նեղությունների ու դժբախտությունների հաղթահարման ճանապարհին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Վեհափառը կոչ արեց աղոթել հայրենիքը պաշտպանող զինվորականների, հայրենիքի համար զոհված քաջորդիների հոգիների հանգստության, նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար․ «Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգեւորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, գերության մեջ գտնվող եւ անհայտ կորած մեր զավակների համար»։
Վեհափառի ուղերձից հետո նաեւ աղոթք մատուցվեց ապօրինաբար ազատազրկված հոգեւորականների, գործարար Սամվել Կարապետյանի եւ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ազատության համար։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































