-Քրիստոս ծնավ և հայտնեցավ։
-Ձեզ և մեզ մեծ ավետիս։
Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրը ևս մեկ անգամ առիթ է հիշեցնելու, որ արցախահայությունը այսօր զրկված է իր հայրենի բնօրրանում Սուրբ Ծնունդը նշելու հիմնարար իրավունքից։ Արցախը բռնազավթված է Ադրբեջանի բռնապետական վարչակարգի կողմից, իսկ նրա բնիկ հայ բնակչությունը ենթարկվել է բռնի տեղահանության՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ, որը ցեղասպանության բաղադրիչ է։
Միևնույն ժամանակ, Արցախի բազմադարյա հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը, որն ունի համամարդկային ու համաքրիստոնեական արժեք և քաղաքակրթական նշանակություն, գտնվում է ամբողջական ոչնչացման և յուրացման իրական վտանգի տակ։ Եկեղեցիները, վանական համալիրները, պատմական հուշարձանները և գերեզմանոցները հետևողականորեն ենթարկվում են վանդալիզմի և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության։
Կարդացեք նաև
Այս ողբերգական իրողության հանդեպ միջազգային հանրության լռությունն ու անգործությունը ոչ միայն բարոյական ձախողում են, այլև հանցավոր մասնակցություն՝ անտեսման և թողտվության միջոցով։ Երբ խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, ջնջվում է ժողովրդի մշակութային հիշողությունը, իսկ հավատքի սրբությունները դառնում են թիրախ, լռությունը դառնում է հանցակցություն։
Սուրբ Ծննդյան պատգամը՝ Հույսի, Արդարության և Ճշմարտության մասին, մեզ պարտավորեցնում է բարձրաձայնել ճշմարտությունը և պահանջել պատասխանատվություն։ Թող այս օրը դառնա ոչ միայն աղոթքի, այլև համամարդկային խղճի արթնացման օր՝ հանուն արդարության, խաղաղության և մարդկային արժանապատվության վերականգնման։
Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ չդատապարտված ոճիրները ծնում են նոր հանցանքներ, որոնք համամարդկային արժեքների այսօրվա խարխլված աշխարհում չեն շրջանցելու նաև իրենց` Արցախի մշակութային ժառանգության հանդեպ ադրբեջանական ոտնձգությունների հանդեպ անտարբեր կեցվածք ունեցող երկրներին, որոնք հատկապես քրիստոնյա են։ Կանգնելով հայ ժողովրդի կողքին և կանխելով Արցախում հայ ժողովրդի քաղաքակրթական ժառանգության հանդեպ վանդալիզմը` դուք ապագայում կանխարգելում եք ձեր սեփական ողբերգությունները, որոնցից խուսափել հնարավոր չէ` կապված այսօրվա աշխարհի իրողություններով, որտեղ ահաբեկչությունը վաղուց հատել է քարտեզի վրա գծված սահմաններն ու աշխարհագրությունը։
Աստված զորավիգ լինի Հայոց եկեղեցուն և իրենց արդար իրավունքների համար պայքարող ժողովուրդներին։
Հարգանքով՝
Հովիկ Ավանեսով
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ


















































