Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հունվար 06,2026 20:35

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը.

Նախ և առաջ՝
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ
Ձեզ և մեզ մեծ աւետիս

Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական և մտացածին օրակարգով:

Այո, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր դարձյալ մոլեգնել են Հերովդեսն ու Հերովդիադան, զոհ են փնտրում, անմեղի արյուն՝ ի գոհացում իրենց հիվանդագին մտագարության:

Բարեվարքության մասին խոսողները՝ ապաշխարության և պահեցողության մեջ լինելու փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ դրանով իրենց ողորմելիության դատավճիռն ստորագրած լինելով:

Հիրավի, հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին:

Եւ դեռ դրան հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները ինչպես Երևանում, այնպես էլ Թալինում: Տգետները գոնե պատմություն իմանային, որ նման դեպքեր եկեղեցին բազմիցս է հաղթահարել:

Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը և ճիշտ ախտորոշում կիրականացնի: Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո:

Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները:

Իսկ Քրիստոս ճշմարտապես ծնվեց և հայտնվեց,

Ձեզ և մեզ մեծ ավետիս:

 

Օրհնությամբ՝ Միքայել արք. Աջապահյան
194-րդ օր ապօրինի բանտարկության
06.01.26

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031